Posted in Պատմություն

Հետազոտական աշխատանք. պատմություն

«Կիլիկյան Հայաստանի տնտեսությունը»

Կիլիկյան Հայաստանը գտնվելով Միջերկրական ծովի ափին, ուներ լավ զարգացած տնտեսություն։ Այն գտնվում էր Արևելքը Միջերկրական ծովին միացնող առևտրային ուղիների վրա։ Հատկապես կարևոր էր համեմունքների առևտուրը։  Լևոն Բ թագավորի գահակալման ընթացքում Կիլիկիան ավելի մերձեցավ Եվրոպայի հետ։ Նա որոշակի ազատություններ շնորհեց Պիզայի, Ճենովայի, վենետիկցի և ֆրանսիացի առևտրականներին։ Այաս, Տարսոն, Ադանա և Մամիստրա քաղաքները միջազգային առևտրի կարևորագույն վայրեր էին։ Կիլիկիայի ազնվականության երկրորդ լեզուն դարձել էր ֆրանսերենը, իսկ առևտրականներինը, իտալացի առևտրականների առակայությամբ պայմանավորված՝ իտալերենը: Այասը սկսած Լևոն Բ թագավորի կառավարումից դարձել էր ամենամեծ նավահանգստային և առևտրային քաղաքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։Մարկո Պոլոն, օրինակ եղել է Այասում 1271 թվականին։ Կիլիկյան Հայաստանը ուներ մի քաղաք ծովի ափին, որ կոչվում է Այաս, որտեղ մեծ առևտուր էր տեղի ունենում: Արդեն Թորոս իշխանի օրոք Կիլիկիան հատում էր դրամ։ Ոսկե և արծաթե մետաղադրամները, որոնք կոչվում էին դրամ  և թագվորին, հատվում էին Սիս և Տարսոն քաղաքում՝ թագավորի կողմից։ Շատ արտասահմանյան դրամներ նույնպես գտնվում էին շրջանառության մեջ, օրինակ իտալական դուկատֆլորին, և զեչինո, բյուզանդական բեսանտ, արաբական դիրհամ, և ֆրանսիական լիվր դրամները։ Կիլիկիայում զարգացած էր ձիաբուծությունը, անասնապահությունը, մեղվաբուծությունը։ Դաշտային Կիլիկիայում աճեցվում էին նարինջ, նուռ, խնձոր, խաղող և այլն։

 

Հասարակականտնտեսական հարաբերությունները Կիլիկյան Հայաստանում.

Հողատիրության ձևերը

Հասարակական-տնտեսական հարաբերությունները Կիլիկիայում ավելի բարդ ձևեր ընդունեցին, քան բուն Հայաստանում: Դա կապված էր Կիլիկիայում հայկական պետության առաջացման որոշ առանձնահատկությունների հետ: Մինչև Ռուբինյան իշխանության հաստատումն այստեղ գոյություն ունեին մեծ թվով բյուզանդական և հայկական իշխանություններ: Հետագայում Կիլիկիայում հաստատվեցին նաև խաչակիրներ, որոնք ռազմական ծառայության դիմաց հողեր էին ստանում հայ իշխաններից ու թագավորներից: Հայկական ավատատիրությունը բյուզանդական և արևմտաեվրոպական ազդեցության ներքո ունեցավ որոշ վերափոխություններ: Ստեղծված պայմաններում Կիլիկիայում ձևավորվում են հողատիրության մի քանի տիպեր՝ արքունական, իշխանական, վանքապատկան, համայնական: Թագավորին պատկանող հողերը, քաղաքներն ու բերդերը կոչվում էին արքունի կամ թագավորական: Արքունի հողատիրությունը հիմնականում առաջանում էր նվաճման, գնման և բռնագրավման ճանապարհներով:

Սիս մայրաքաղաքի բերդի ավերակները

Կիլիկիայում հաստատված իշխանների մի մասն ուներ տիրույթներ, որոնց տիրում էր ժառանգաբար՝ որպես սեփականություն: Այս տիրույթները կոչվում էին հայրենիք, իսկ նրանց տերերը՝ հայրենատեր-բերդատերեր: Թագավորը և հայրենատեր-բերդատերերը ռազմական և վարչական ծառայության դիմաց առանձին մարդկանց պայմանական հողատիրության սկզբունքով հողեր էին տրամադրում: Այս հողերը թեև կարող էին անցնել հորից որդուն, բայց ստացողի սեփականությունը չէին և ծառայությունը թողնելու դեպքում հետ էին վերցվում: Կիլիկիայում կային բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, որոնք ունեին մեծ չափերի հասնող հողատարածքներ: Վանքապատկան հողատիրությունը հիմնականում առաջանում էր նվիրատվությունների և գնման միջոցով: Եկեղեցիներին ու վանքերին հատկապես մեծ նվիրատվություններ էին կատարում թագավորները և իշխանները: Կիլիկիայում գոյություն ուներ նաև համայնական հողատիրություն: Համայնքին պատկանող հողերի մի մասը որոշակի պայմաններով տրվում էր օգտագործման գյուղացիներին: Տնամերձ հողերը գյուղացիների սեփականությունն էին: 15-20 տարին մեկ տեղի էր ունենում հողերի վերաբաժանում:

Գյուղական համայնքը

Կիլիկիայի արգավանդ դաշտավայրերը, բերրի գետահովիտները և խոտառատ արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվելու երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներից զատ` մշակում էին մերձարևադարձային բույսեր՝ արմավենի, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ: Կիլիկիայում պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ: Լավ համբավ են ունեցել այստեղ բուծված ձիերը, որոնք նաև արտահանվում էին: Գյուղական բնակչության կազմակերպման հիմնական ձևը համայնքն էր: Որպես համայնք սովորաբար հանդես էին գալիս մեկ կամ մի քանի փոքր գյուղեր: Համայնքը կարգավորում էր ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ գյուղացու հարաբերությունները պետության, հողատիրոջ և եկեղեցու հետ: Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար համայնքին պատկանող հողերը բաժանվում էին երկու խմբի՝ համայնական և ընտանեկան: Համայնական մշակելի հողերի և արոտավայրերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր ընտանիքների միջև՝ ըստ շնչերի թվի: Համայնքն ուներ որոշակի ինքնավարություն և գյուղի ներքին կյանքի հետ կապված հարցերն ինքն էր տնօրինում: Յուրաքանչյուր համայնք ուներ իր եկեղեցին կամ մատուռը, որը նվիրված էր լինում գյուղը հովանավորող որևէ սրբի: Գյուղական քահանան զբաղվում էր համայնքի հոգևոր կյանքով: Նա էր տնօրինում ծննդյան, հարսանիքի, թաղման և այլ արարողությունները: Եկեղեցուն կից սովորաբար կար դպրոց, ուր գյուղի երեխաները սովորում էին գրել, կարդալ, հաշվել և երգել:

Քաղաքները: Քաղաքային կյանքը

Մարկո Պոլոյի և իր եղբոր ժամանումն Այաս 1271 թ.-ին, ստեղծվել է 1410-1412 թթ.

Կիլիկիան գտնվում էր Արևելք-Արևմուտք ցամաքային և ծովային տարանցիկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Միջերկրական ծովի ափերին գտնվող նավահանգիստները տարանցիկ առևտրի համար շատ հարմար դիրք ունեին: Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով, որոնք մեծապես նպաստեցին արհեստագործության զարգացմանը: Քաղաքների վերելքի գործում որոշակի դեր խաղացին խաչակրաց արշավանքները, որոնց շնորհիվ Արևելք-Արևմուտք առևտրական հարաբերություններն էապես աշխուժացան:

 

Ադանայի կիսավեր պարիսպները

Կիլիկյան Հայաստանի քաղաքային կյանքի աշխուժացման և առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև Մոնղոլական կայսրության ստեղծումը: Դրա տարածքով անցնող կարավանային առևտրի ճանապարհների մի մասն ավարտվում էր մոնղոլների դաշնակից Կիլիկիայում: Այստեղի նավահանգիստներից էլ ապրանքները ծովով տեղափոխվում էին Եվրոպա: Կիլիկյան Հայաստանի նշանավոր քաղաքներից էին Սիսը, Տարսոնը, Ադանան, Այասը, Մսիսը, Կոռիկոսը: Բոլոր քաղաքները գտնվում էին արքունի տիրույթների մեջ և այդ պատճառով կոչվում էին թագավորական քաղաքներ:

Քաղաքների մեջ որպես վարչական և մշակութային կենտրոն առանձնանում էր Սիս մայրաքաղաքը: Այստեղ էին գտնվում հայոց արքունիքը, դրամատունը, գանձարանը, օտարերկրյա դեսպանությունները: Սիսը 1292-1441թթ. եղել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայրը:

Կոռիկոսի ծովային բերդը` կառուցված 13-րդ դարում

Արտաքին և ներքին առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն էր Այասը: Այն անվանում էին «Հայոց թագավորի նավահանգիստ»: Այասի առևտրական նշանակությունը հատկապես բարձրացավ, երբ խաչակիրները կորցրեցին Անտիոք և Աքքա նավահանգիստները: Այասը մնաց Ասիա մայրցամաքի միակ մեծ առևտրական կենտրոնը, որը գտնվում էր քրիստոնյաների ձեռքին: Նրա առևտրական մրցակիցը Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստն էր: Կիլիկյան Հայաստանն Արևելք-Արևմուտք առևտրին մասնակցում էր իր գյուղատնտեսական և արհեստագործական ապրանքներով: Արտահանում էին երկաթ, գունավոր մետաղներ, շինափայտ, հացահատիկ, բուրդ, ձիեր: Առևտրի զարգացմանը նպաստում էին Հայոց թագավորների կողմից եվրոպացի վաճառականներին տրված առևտրական արտոնությունները: Այսպես` 1201թ. արտոնություններ ստացան ջենովացիները, իսկ 1271 թ.՝ վենետիկցիները:

Կիլիկիայի Կոստանդին Ա թագավորի պատկերով քարտեզ (1298–99 թթ., Սիս)

Կիլիկիայի Հեթում Ա թագավորի և Զաբել թագուհու պատկերներով դրամ (1226–52 թթ., Սիս)

Քաղաքային բնակչության նշանակալից մասը զբաղվում էր արհեստագործությամբ: Արհեստավորները ստեղծում էին իրենց կազմակերպությունները՝ համքարությունները (եղբայրություն): Քաղաքի սահմաններում միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին մեկ համքարության մեջ: Համքարության անդամ էին դառնում այն արհեստավորները, որոնք ունեին սեփական արհեստանոց: Նրանք ունեին վարպետի կոչում: Արհեստանոցում նրանց օգնում էին ենթավարպետները և աշկերտները: Նրանք վարպետ կարող էին դառնալ արհեստագործական որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո: Կիլիկյան Հայաստանում զարգացած էին մետաղամշակությունը, պղնձագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, կաշեգործությունը և զանազան այլ արհեստներ: Արհեստի և առևտրի զարգացման համար խիստ կարևոր էր նաև դրամաշրջանառության ճիշտ կազմակերպումը: Դրամների թողարկումը սկսվել էր դեռևս Ռուբինյան իշխանության շրջանում և շարունակվել մինչև պետության կործանումը: Հիմնական դրամական միավորը արծաթե դրամն էր: Քիչ չէին նաև պղնձե դրամները: Արծաթե դրամը, որը կոչվում էր թագավորական, օգտագործել են նաև այլ երկրներում:

Կարծիք…

Կարծում եմ, որ Կիլիկյան Հայաստանի տնտեսությունը շատ զարգացած էր, ուներ բազմաթիվ ճյուղեր տնտեսության: Շատ հետաքրքիր տնտեսություն ուներ և այն ավելի շատ կզարգանար, ավելի շատ ճյուղեր կավելանային, եթե չկործանվեր Կիլիկյան Հայաստանը:

 

Աղբյուրներ՝ Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկյան հայաստանի պետական կարգ

Կիլիկյան հայաստանի տնտեսությունը

Leave a comment