Posted in Մխիթար Գոշ

Գոշավանք՝ (տեղեկություններ)

скачанные файлы (1)скачанные файлы (2)Գոշավանքը նախկինում անվանել են՝ Նոր Գետիկ:Գտնվում է ՀՀ Տավուշի մարզում:Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։

Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)՝ անվանելով Նոր Գետիկ։ Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» աշխատությունում վկայում է, որ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը (1191-1196թթ.), կառուցվել է ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների օգնությամբ։ Այն գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է՝ արևելքից երկու կրկնահարկ խորաններով, արևմուտքից և հյուսիսից՝ մուտքերով։ Արևելյան և հարավային պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուն թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։ Եկեղեցու՝ ավելի ուշ կառուցված գավթի ճարտարապետը եղել է Մխիթար Հյուսնը։ Գավիթը (1197-1203թթ.) չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Արևելյան երկու անկյուններում ունի երկհարկանի խորաններ։ Գոշավանքի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով, Սանահինից հետո, նշանավորում է իր տիպի զարգացման հաջորդ քայլը՝ նախապատրաստելով Հաղարծնի և Կեչառիսի նույնատիպ կառույցները։

Սբ. Աստվածածնից հարավ կանգնած է նույնատիպ, բայց ավելի փոքր չափերի Ս.Գրիգոր եկեղեցին (ավարտվել է 1231թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել։ Գավթի հարավային պատին գրեթե կից է Սբ. Գրիգոր Լուսավորիչ թաղածածկ դահլիճ-եկեղեցին (1237-1241թթ.), որը, չնայած փոքր չափերին, իր դեկորատիվ հարուստ հարդարանքով աչքի է ընկնում ընդհանուր առմամբ զուսպ մշակված համալիրի կառույցների շարքում։ Այստեղ դեկորատիվ որմնասյունակամարաշարը, որ քողարկում է կառույցի պարզագույն ծավալը, ինքնանպատակ զարդապատում չէ, այլ կերպար և ճարտարապետական նոր բովանդակություն ստեղծող արտահայտչամիջոց։ Իր հարդարանքով այս եկեղեցին միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստի աչքի ընկնող կոթողներից է։

Գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից է երկհարկանի գրատուն-զանգակատունը։ Չտաշված մեծաչափ քարերով, փայտակերտ «վերնահարկերով» գրատունը և արևմուտքից նրա հետ ընդհանուր դռնով միջանցիկ ժամատունը, ըստ Կիրակոս Գանձակեցու, կառուցվել է Մարտիրոս վանահոր օրոք, մինչև 1241թ.-ը։ Հետագայում գրատան վրա կառուցվել է երկրորդ հարկը (1291թ., ճարտարապետներ՝ Գրիգոր և Զաքիոս), որը խորանանման փոքր աղոթարաններով կառույց է։ Մուտքը արևմուտքից է, ուր բարձրանում էին երկու կողմից՝ անկյուն կազմող բարձակային քարե աստիճաններով։ Ժամատունը հավանականորեն եղել է նաև գրչության սրահ, որտեղ ձեռագրեր են ստեղծվել։

Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում Պողոս վարպետի երեք «ասեղնագործ» խաչքարերն են (Ս.Գրիգոր Լուսավորիչ մատուռի արևմտյան ճակատի մոտ տեղադրված երկու խաչքարերից մեկը 1935թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Ըստ արձանագրության՝ խաչքարերից մեկը (տեղում կանգնած) ստեղծվել է 1291թ.-ին։ Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը դուստրերի հետ գործել է Փրկչի և սրբերի պատկերներով վարագույր ու նվիրել վանքին։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ ովքեր այն տեսնում էին, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց այդպիսի «ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել…»։ Խորանի անկրկնելի վարագույրը պատրաստված է եղել այծի շատ փափուկ աղվամազից։ Բարեպաշտ Արզուխաթունը ոչ միայն Նոր Գետիկի, այլև Հաղպատի, Մակարավանքի ու Դադիվանքի եկեղեցիների համար էլ է պատրաստել վարագույրներ ու ծածկոցներ, քանի որ ըստ Գանձակեցու՝ «չափազանց սիրում էր եկեղեցիները»։

Գոշավանքին նվիրված ՀՀ փոստային նամականիշ (2005)

Մխիթար Գոշի մահվանից հետո (1213թ.) վանքը նրա անվամբ կոչվել է Գոշավանք։ Այն պատմական աղբյուրներում անվանվել է՝ վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Ուսուցվել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։

Վանքից ոչ հեռու՝ գյուղի հարավային մասում, կան կառույցներ՝ Սբ. Գևորգ եռախորան գմբեթավոր փոքր եկեղեցին՝ կառուցված 1254-ին Խաչատուր վարդապետի և նրա եղբայր Բարսեղի կողմից, Մխիթար Գոշի բնակարանի մնացորդները, նրա դամբարանը։1958-ին հայոց մեծագույն վարդապետներից մեկի՝ Մխիթար Գոշի դամբարանի մոտ հուշակոթող է կանգնեցվել, այնուհետև 1972-ին բացվել է Գոշի թանգարանը և բարեկարգվել վանքի տարածքը։

Posted in Մխիթար Գոշ

Մխիթար Գոշ՝ (տեղեկություններ)

скачанные файлы

Մխիթար գոշը շատ հայտնի առակագիր է:Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն  և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մ. Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են, և Մ. Գոշը տեղաթփոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ Խաչեն, այստեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե  և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել Նոր գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մասնակցել է 1205-ի Լոռեի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մ. Գոշի անունը հիշել են հարգանքով ու ակնածանքով, նրան դասել հայող եռամեծ վարդապետների շարքը, մեծարել ՙայր իմաստուն ու հեզ՚, ՙվարդապետական ուսմամբ հռչակեալ՚, ՙմեծ վարդապետ՚, ՙհռչակաորն և մեծ իմաստուն գիտությամբ՚ պատվանուններով։ Մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետակում (այժմ՝ Հայաստանի Գոշ գյուղում) ։ Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։ Վանաձոր քաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։