Պատասխանել հետևյալ հարցերին՝
- Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում:
Մարդ բարի է, երբ չունի իր մեջ նախանձ, էգոիզմ, սուտ խոսելու սովորություն: Ինձ համար բարի է այն մարդը, ով իր մեջ ունի գթասրտություն, հոգատարություն, վստահելի է, ընկերասեր, գնահատող:
- Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը:
Բարին միշտ իմաստալից է, բարի լինելն ու բարություն անելը քեզ լցնում է դրականով, բացի այն, որ դու դրանով օգնում ես դիմացինին: Երբ կա չարը բարին ավելի իմաստալից է, քանի որ մենք տեսնում ենք օրինակ, թե ինչպիսին պետք է չլինենք:
- Արդյո՞ք մարդը կարող է լինել միժամանակ և՛ բարի, և՛ չար:
Այո, ես կարծում եմ, որ մարդ կարող է լինել միաժամանակ և՛ բարի, և՛ չար, քանի որ մենք չենք կառավարում մեզ և մեր էմոցիաները հաճախ, իսկ այդ դեպքում գուցե և մենք անենք բաներ, որոնք մեզ կդարձնեն չար, բայց դա չի նշանակում, որ մենք ընդունակ չենք լինի բարության: Մյուս կողմից էլ դրանք երկուսն էլ դժվար է տեղավորել մի մարդու մեջ, դա այդքան էլ բարություն կամ չարություն չէ, դա ավելի շատ լավ կամ վատ արարք է:
- Սոկրատեսն ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու:
Այդքան էլ համաձայն չեմ, քանի որ իմաստությունը չէ բարության հիմքում ընկած: Մարդ կարող է լինել բարի, բայց ոչ իմաստուն, կամ հակառակը՝ իմաստուն, բայց ոչ բարի:
Ընթերցել հետևյալ տեքստը և մեկնաբանել.
Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:
– Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, – առաջարկեց չարը բարուն:
– Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, – պատասխանեց բարին:
– Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար:
– Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի:
Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու:
– Հեռու ճանապարհիցս, – գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու:
Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը:
– Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, – ուրախացավ չարը:
– Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, – ասաց բարին:
Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:
Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին:
– Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես:
Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն.
– Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել:
Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով:
Այս պատմվածքն էլ ևս մի օրինակ էր, որ բարին միշտ հաղթում է չարին: Բարությունն իր մեջ անտեսանելի ուժ ունի և, թե մարդ բարի է նա միշտ առաջնորդվում է իր բարությամբ, ինչպես պատմվածքում այդ աղքատ մարդը: Ամենակարևորը, որ դու չարությանը չարությամբ չպատասխանես, քանի որ այդ դեպքում դիմացինից ոչնչով չես տարբերվի: