Էքստրեմալ տուրիզմը վերջին ժամանակներում շատ ակտիվ զարգանում է: Այն հանգստի ակտիվ տեսակ է, որի նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։
Էքստրեմալ տուրիզմը բաժանվում է տեսակների՝

Ջրային տեսակներ
Ջրային տեսակներից են՝ Դայվինգը, Վեյքբորդինգը, Վինդսերֆինգը, Սերֆինգը, Ռաֆտինգը: Դայվինգը շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ Սա ակվալանգով և հատուկ ջրասուզային կոստյումով սուզումն է օվկիանոսի կամ ծովի հատակը՝ ծանոթանալու ստորջրյա աշխարհին։ Վեյքբորդինգ իրենից ներկայացնում է ջրային դահուկների, սնոուբորդի սքեյթի և սեևֆինգի համադրություն։ Մոտորանավակը իր հետևից տանում է լայն սերֆ, որն էլ ալիք է ստեղծում, իսկ մարզիկն էլ պետք է ցատկ կատարի այդ ալիքի վրայով։ Վինդսերֆինգը առագաստային սպորտի տարատեսակ է։ Սա մրցույթ է սերֆերի վրա, որոնց վրա էլ ամրացված են ոչ մեծ առագաստներ։ Սերֆինգը նույնն է ինչ վինդսերֆինգը բայց առանց առագաստի։ Ռաֆտինգը լեռնային գետով իջնելն է մակույկով կամ էլ հատուկ լաստանավով։ Սա ամենաշատ հաճախվող տուրերից է և համեմատաբար անվտանգ է։ Այժմ այն դարձել է շատ հայտնի և առաջարկվում է գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան լեռնային գետեր։
Ցամաքային տեսակներ

Մաունթինբայքինգը վերջերս դարձել է շատ հայտնի։ Սա հեծանվավազքն է միայն լեռնոտ, քարքարոտ և վտանգավոր ճանապարհներով։ Քարանձավագիտություն. Եթե դատենք այն բանով որ քարանձավագետները այն մարդիկ են ովքեր ազատ ժամանակ գնում են քարանձավներ, սա տուրիզմ է։ Բայց միևնույն ժամանակ սա գիտություն է։ Х races – սա այն է որ էքստրեմալ զբոսաշրջիկները այնքան լավ են պատրաստված, որ կարող են ժայռեր մագլցել, ձիեր վարել, հեծանվով լեռներ բարձրանալ կամ էլ ջրվեժների վրայով իջնել…Այս մարդիկ թիմեր են կազմում և մասնակցում մրցույթների որոնց նպատակն է հնարավորինս արագ հաղթահարել արգելքները։ Սա նաև կոչվում է մուլտիսպորտ, կամ էլ արկածային մրցույթներ։
Լեռնային տեսակներ

Ալպինիզմը համարվում է ամենաէքստրեմալ հանգիստը։ Որպես կանոն ալպինիզմով զբաղվողները նախընտրում են ամառը, քանի որ եղանակը թույլ է տալիս մինիմալ ուժերով հասնել նշանակված կետին. Չնայած կան նաև մարդիկ, ովքեր նախընտրում են ձմեռը, եղանակի դժվար պայմանները միայն ավելացնւմ են ադրենալինը։ Լեռնային դահուկներն ակտիվ հանգստի ամենահին տեսակներից է։ Տարիների ընթացքում այս սպորտով զբաղվողների թիվը ոչ թե նվազեց այլ ավելացավ։ Հայաստանում էլ արդեն կան տեղեր որտեղ ցանկացողները կարող են զբաղվել լեռնադահուկային սպորտով։ Ամենահայտնին Ծաղկաձորն է։ Սնոուբորդինգը ձյան վրայով իջնելն է լեռան գագաթից հատուկ սնոուբորդով։ Սա ավելի ագրեսիվ էքտրեմալ և ակտիվ տեսակ է քան լեռնային դահուկները։ Սնոուբորդինգը որպես առանձին սպորտաձև ստեղծվել է ամերիկայում 20-րդ դարի 60-ականներին։
Օդային տեսակներ

Պարաշյուտային սպորտն իր մեջ նեռարում է երկու վարժություն։ Առաջինի նպատակն է վայրէջք կատարել կոնկրետ նշանակակետին՝ 3մ շառավղով։ Իսկ երկրորդի նպատակն է օդում կատարել տարբեր հնարքներ։ Թիմային ակրոբատիկան պարաշյուտիստներից կազմված թիմի հնարքներն են օդում։ Պարաշյուտիստների քանակը լինում է հիմնականում 4 կամ 8. Լինում են նաև 16 հոգուց կազմված թիմեր։ 4 հոգուց կազմված թիմը վայրէջք կատարելու ընթացքում կարող է կատարել մինչև 30 հնարք։ Սքայսերֆինգը դահուկներով թռիչքներն են, որոնց ընթացքում կատարվում են զանազան հնարքներ։ Բեյս ջամփինգը պարաշյուտով թռիչքնէ, որի համար բեյս ջամփերին պետք չէ ինքնաթիռ կամ էլ ուղղաթիռ։ Նրան հերիք է նույնիսկ վերելակը։ Բեյսերը բարձրանում է որևէ շենքի կտուրին և ցած նետվում։ Օդապարիկով թռիչքները հասանելի են յուրաքանչյուր հասարակ մարդու և կարող է անցկացվել գրեթե յուրաքանչյուր երկրում։ Թռիչքի երկարությունը կախված է քամու ուժից։ Քամու միջին ուժի դեպքում դա 20-30կմ է։
Էկզոտիկ տեսակներ

Տիեզերական տուրիզմը էքստրեմալ տուրիզմի ամենաթանկարժեք և ամենաէկզոտիկ տեսակն է։ Ճամփորդություն երկիր մոլորակից դուրս։ Դեռ տիեզերական զբոսաշրջիկներին կարելի է հաշվել ձեռքի մատների վրա։ Այսպիսի զբոսանքը կարժենա ավելի քան 20մլն դոլլար։ Ջայլո տուրիզմը էկզոտիկ և էքստրեմալ զբոսաշրջության տեսակներից է – կյանք նախամարդկանց ցեղերի հետ իրենց բոլոր սովորույթներով։ Այս յուրօրինակ տուրիզմի տեսակը սկսել է զարգանալ Ղրղզստանում։ Այն նախընտրում են մարդիկ ովքեր հոգնել են աղմկոտ քաղաքներից և կուզեին հայտնվել նախնադարյան կյանքում։ Տուրիզմ դեպի հյուսիսային և հարավային բևեռներ. Վերջերս սկսել են իրականացվել ճամփորդություններ դեպի Արկտիկա և Անտարկտիկա։ Եվ ավելի ու ավելի շատերն են ուզում լինել էքստրեմալ կլիմայական պայմաններում և տեսնել էկզոտիկ կենդանիների: Ջունգլիներով արշավների ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ձուլվել բնությանը և ամբողջովին կտրվել քաղաքակրթությունից։ Եթե նույնիսկ արշավախումբն ունի ժամանակակից միջոցներ, արբանյակային կապ, օգնությունը կարող է գալ ժամեր կամ էլ օրեր հետո։
Էքստրեմալ տուրիզմը Հայաստանում
Հայաստանի լեռնային լանդշաֆտը մշտապես հետաքրքրել է ալպինիստներին։ Այստեղ զարգանում են ալպինիզմի բոլոր տարատեսակները՝ լեռնագագաթների հաղթահարում, ժայռամագլցում, էկոտուրիզմ։ Հայաստանի լեռնային որոշ առողջարաններում, մասնավորապես՝ Ծաղկաձորում, անցկացվում է ձմեռային հանգիստ։ Դա արտահայտվում է լեռնադահուկային սպորտի կազմակերպմամբ, ինչպես նաև՝ սնոուբորդի և այլ տարատեսակներով։ Լեռնային էքստրեմալ այս մարզատեսակները առավել հին են էքստրեմալ զբոսաշրջության մեջ։ Դեռ խորհրդային իշխանության տարիներին Ծաղկաձորում ու Ջերմուկում կառուցվել են ճոպանուղիներ՝ լեռնային էքստրեմալ տուրիզմի համար։

Հայաստանի հարավում՝ Արցախ տանող ճանապարհին՝ Երևանից 240 կմ հեռավորության վրա, գտնվում է Տաթևի վանական համալիրը։ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից այստեղ շահագործման է հանձնվել «Տաթևեր» խցիկավոր ճոպանուղին, որն օդային տրանսպորտի առավել զարգացած օրինակ է։ Ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում և իրենից ներկայացնում է օդային տրամվայ՝ կապ հաստատելով Հալիձոր և Տաթև գյուղերի միջև։ Ամռան ամիսների ճոպանուղին աշխատում է 15 րոպե հաճախականությամբ՝ երկկողմանի երկու խցիկներով, ձմռանը հաճախականությունը նվազում է մինչև 30-40 րոպե։ Մեկ խցիկը տեղափոխում է 25 անձ։ Տաթևի ճոպանուղին ամենաերկարն է աշխարհում (5752 մետր), և որպես այդպիսին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
2010-ական թվականներից Հայաստանում սկսում է զարգանալ նաև օդային էքստրեմալ տուրիզմը, որը գլխավորապես ներկայացված է պարապլաներիզմով և պարաշյուտային սպորտով։ Պարապլաներիզմը ժամանցային թռիչքային մարզաձև է, որն իրականացվում է մեկ կամ երկու հոգով։ Օդային էքստրեմալ տուրիզմի տեսակներից են նաև պարաշյուտային սպորտը և օդապարիկով թռիչքները։ Դեռ 1934 թվականին Հայաստանում բացվում է աէրոակումբ, որը գործում է մինչև 1980-ականների վերջը։ 2002 թվականին պարաշյուտային սպորտի վետերանների ժողովի հիման վրա ստեղծվեց Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիա։ Օդապարիկով առաջին կանոնավոր թռիչքներն իրագործվեցին 2014 թվականի հուլիսի 5-ից։ Մինչ այդ Հայաստանում կատարվում էին փորձեր, սակայն դրանք հիմնականում անհատների կողմից էին։

Երևանից 145 կմ հյուսիս-արևելք՝ Թբիլիսի-Երևան միջպետական ճանապարհի ուղղությամբ, տեղակայված Ենոքավան գյուղի տարածքում (Լաստիվեր), 2015 թվականի հուլիսի 26-ին տեղի ունեցավ առաջին թռիչքը զիփլայնով։ Արդեն հաջորդ տարում այցելուների քանակը գերազանցեց 10.000-ը։ Դա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածքում միակ զիփլայնն էր։ Թռիչքուղին բաղկացած է 6 ուղեգծից, որոնցից մեկը կրկնվում է։ Դրանցից ամենակարճի երկարությունը 150 մետր է, ամենաերկարը՝ 750։ Թռիչքները կազմակերպող «Յելլ Էքսթրիմ Պարկ» ընկերությունն առաջին էքստրեմալ զվարճանքի վայրն էր Հայաստանում, որը հնարավորություն էր ընձեռում թռիչքներ կատարել առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության։ 2015 թվականի նոյեմբերից հնարավոր է եղել թռիչքներ կատարել նաև պարապլանից, զբաղվել լեռնային հեծանվասպորտով, իսկ 2016 թվականի ապրիլին բացվել է Rope Park-ը։ Էքստրեմալ սպորտի սիրահարների համար հնարավորություն է տրվում մասնակցել «Ճանապարհից դուրս» (Off-road) տուրերին։

Ինչպես նաևե Ռաֆթինգը, որը շատ վերջերս է մուտք գործել Հայաստան: Լոռու մարզում Հայաստանի ամենաջրառատ գետի՝ Դեբեդի վրա թիավարելու և էքստրեմալ սպորտաձևով՝ ռաֆթինգով զբաղվելու համար թիմ են ձևավորել, անգամ ֆեդերացիա հիմնել: Դեբեդը համարվում է միջին աստիճանի վտանգավորության գետ, բայց ավելի վտանգավոր, քան Վրաստանի գետերն են, որտեղ բավականին զարգացած է այս ճյուղը: Արկածների սիրահարները կարող են հաղթահարել Հաղպատից մինչև Ախթալա ավելի քան 10 կիլոմետրանոց հատվածը։