Ռադիո:

Ձայնափողը սարք է, որը մարդու խոսելու ժամանակ առաջացած ձայնական տատանումները վերածում է փոփոխական թույլ հոսանքի՝ էլեկտրական ազդանշանների։ Իսկ ռադիոհաղորդիչն այդ էլեկտրական ազդանշանները վերածում է հզոր ռադիոալիքների, որոնք անընդհատ հոսքով, որոշակի հաճախությամբ (կոչվում է կրող հաճախություն) ալեցիրով սփռում է տարածության մեջ՝ բոլոր ուղղություներով։ Ռադիոընդունիչն ալեհավաքի օգնությամբ որսում է այդ ռադիոալիքները, ուժեղացնում դրանք ու, կատարելով հակառակ գործողությունները, ալիքը փոխակերպում է խոսքի, երաժշտության և այլ հնչյուններ։
Ռադիոկապը կիրառվում է կյանքի բոլոր ոլորտներում։ Շտապ օգնության, ոստիկանության և հրշեջ մեքենաների անձնակազմերը, տաքսու վարորդներն օգտվում են երկկողմ ռադիոկապից։ Բջջային հեռախոսները նույնպես ռադիոյով կապված են գլխավոր հեռախոսակայանի հետ։ Եվ վերջապես, հեռուստատեսությունն օգտագործում է ռադիոալիքները՝ պատկերի և ձայնի հաղորդման համար։ Երևի թե ավելորդ կլինի ասել, թե մարդկության համար որքան կարևոր է եղել ռադիոյի հայտնագործությունը։ Այս սարքը փոխել է մարդկանց կյանքը, և ժամանակակից մարդն առանց դրա իրեն անթև կզգա։
Ռադիո ստեղծելու առաջին փորձարկումները կատարել է ատամնաբույժ Մախլոն Լումիսն ԱՄՆ-ում։ Նա կապը հաստատում էր օդապարուկների օգնությամբ լարերը օդ հանելով։ Դեռևս հեռավոր 1868 թվականին նրան հաջողվել է 20 կմ-ից ազդանշան հաղորդել, այդ պատճառով էլ բոլոր ատամնաբույժները հպարտանում են իրենց կոլեգայի մեծ ձեռքբերմամբ։ Նիկոլա Տեսլան նույնպես մասնակցություն է ունեցել ռադիոյի ստեղծման գործում։ Նա է պատենտավորել ռադիոընդունիչ սարքը։ Շատերը կարծում են, որ ռադիոյի հեղինակը Պոպովն է, սակայն մինչ նրա հայտնագործությունը շատ գիտնականներ են փորձել անլար կապ ստեղծել, և նրանցից մի քանիսը հաջողություն են ունեցել։ Իսկ ահա Պոպովն առաջինն էր, ով կարողացավ ռադիոհաղորդում ուղարկել։ Նրա տեքստն ունեցել է հետևյալ բովանդակությունը՝ «Հենրիխ Հերց»։
Առաջին օնլայն ռադիոն ստեղծել է Կարլ Մալամուդը 1993 թվականին։ Այսօր օնլայն ռադիոն բավականին տարածված երևույթ է, քանի որ ռադիոընդունիչները ժամանակակից աշխարհում այդքան էլ ընդունված չեն։ Ծնունդով ֆրանսիացի վարակաբան Լյուկ Մոնտանյեն 2009 թվականին առաջ է քաշել մի թեորիա, որի համաձայն՝ մանրէները ռադիոալիքների միջոցով կապ են հաստատում միմյանց հետ, քանի որ ունեն ազդանշանը գեներացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները։
Հեռուստատեսություն:

Հեռուստատեսային խցիկը շարժվող պատկերը վերածում է էլեկտրական ազդանշանների: Ռադիոալիքների օգնությամբ այդ ազդանշանները, հաղորդվելով արբանյակներով կամ անցնելով ստորգետնյա մալուխներով, հասնում են մեր հեռուստացույցին: Վերջինս եկած ալիքային ազդանշանները կրկին վերածում է էկրանի վրա ցուցադրվող պատկերների և բարձրախոսից հնչող ձայների: Հեռուստատեսությունը գիտության և տեխնիկայի համեմատաբար երիտասարդ բնագավառներից է: Հեռուստատեսության առաջին համակարգը 1907թ.-ին առաջարկել է հայ ճարտարագետ, գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1925թ.-ին նա պատրաստել է և ցուցադրել «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է:
1923թ.-ին ռուս գյուտարար և ճարտարագետ Վլադիմիր Զվորիկինը հայտնագործել է էլեկտրոնային խողովակը: 1930-ական թվականներին ի հայտ եկավ կաթոդային ճառագայթային խողովակը, որը ցայսօր մնում է յուրաքանչյուր ժամանակակից հեռուստացույցի «սիրտը»: 1929թ.-ին ցուցադրվեց աշխարհում առաջին հեռուստահաղորդումը (առանց ձայնի): Մինչև 1953թ. բոլոր հեռուստահաղորդումները սև ու սպիտակ էին: 1953թ.-ին ԱՄՆ-ում ցուցադրվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը: Հայաստանում առաջին հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվել 1956թ.-ին, առաջին գունավոր հաղորդումը՝ 1971թ.-ին:
Բջջային հեռախոս:

Բջջային հեռախոսը շարժական հեռախոսի տեսակ է, որը նպատակավորված է բջջային ցանցերում աշխատելու համար։ Բջջային հեռախոսում օգտագործվում է ռադիոընդունահաղորդիչ բջջային ցանցի ծածկման գոտու տարածքում հեռախոսային կապի կատարման համար։ Ներկայումս բջջային կապը բոլոր տեսակի շարժական կապերի մեջ ամենտարածվածն է, դրա համար էլ շարժական հեռախոսներն անվանում են հենց բջջային հեռախոսներ, չնայած որ շարժական հեռախոսները, բացի բջջայինից, ունեն նաև արբանյակային հեռախոսներ, ռադիոհեռախոսներ և տրանսպորտային հաղորդակցության սարքեր:
Համացանցային կապ:

Համացանցը բազմամիլիոն համակարգիչներն իրար միացնող համաշխարհային համակարգչային ցանց է: Այն ողջ աշխարհով մեկ տեղեկություններ հաղորդելու արագ և արդյունավետ միջոց է: Համացանցին միացած երկու համակարգիչներ, որտեղ էլ գտնվեն, կարող են ակնթարթորեն տեղեկություններ փոխանակել:
Համացանցին միանալու համար անհրաժեշտ է անհատական համակարգիչ, մոդեմ և հեռախոսային կապ: Համացանցի միջոցով մենք կարող ենք էլեկտրոնային նամակ ուղարկել նույն ցանցից այլ օգտվողների (էլեկտրոնային փոստ` e-mail), մասնակցել էլեկտրոնային զրույցներին, հաղորդել ֆայլեր կամ տեղեկություններ ստանալ հազարավոր ամենաբազմապիսի թեմաների մասին: Համացանցից օգտվողների քանակը և հաղորդվող տեղեկությունների ծավալը մշտապես աճում են: Որոշ փորձագետներ համարում են, որ շուտով համացանցը կփոխի մեր ապրելակերպն ու աշխատանքի ձևը:
Արագորեն զարգանում է համացանցի ուղղություններից մեկը՝ www (Worldwaid Web, անգլերեն՝ աշխարհատարած ոստայն, կրճատ՝ «Վեբ»՝ սարդոստայն բառից), որն ապահովում է ցանցով իրար կապված համակարգիչներում պահվող տեղեկությունների ազատ ստացումը: Այդ տեղեկությունների (տեքստեր, պատկերներ, հնչյունային նյութեր և տեսահոլովակներ) մասին ամբողջական պատկերացում ունենալու համար մեզ անհրաժեշտ է օգտվել «Վեբ Բրաուզեր» («Սարդոստայնը թերթող») ծրագրից: «Աչքի անցկացնելով» ողջ աշխարհի Վեբ հանգույցների պարունակությունը՝ այն կփնտրի-կգտնի ձեզ հետաքրքրող տեղեկությունը և կպատկերի համակարգչի էկրանի վրա:
Համացանցն իր մեջ ներառում է առևտրական ֆիրմաների, համալսարանների, կառավարական և այլ կազմակերպությունների պատկանող համակարգչային բազմաթիվ մանր ցանցեր: