Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. պատմություն

«Կիլիկյան Հայաստանի նշանավոր անհատները»

Կիլիկիայի Հայկական Պետությունը հիմնադրվել է Ռուբինյանների կողմից, ովքեր Բագրատունիների շառավիղ էին։ Ռուբինյանների իշխանությունը թագավորություն հռչակվեց 1198 թ-ին։ Ռուբինյանների տոհմի վերջին ներկայացուցիչը Զապել թագուհին էր, ում մահից հետո՝ 1252 թ-ին, գահն անցնում է Հեթումյաններին։ 1341 թ-ին գահն անցնում է Լուսինյաններին։ Կիլիկյան Հայաստանը դադարում է գոյություն ունենալուց 1375 թ-ին. դրանից հետո գահին հավակնում էին Կիպրոսի Լուսինյանները։ 1485 թ-ին, երբ Շառլոթ Կիպրացին ամուսնացավ Սավոյան հարստության ներկայացուցչի հետ, Կիլիկյան  հայաստանի  թագավոր տիտղոսն անցավ Սավոյան հարստության ներկայացուցիչներին։ Տիտղոսը մնաց գործածության մեջ մինչև 1861 թ.։

Անհատներ.

  • Ռուբեն Ա
  • Կոստանդին Ա
  • Թորոս Ա
  • Լևոն Ա
  • Թորոս Բ
  • Ռուբեն Բ
  • Մլեհ
  • Ռուբեն Գ
  • Լևոն Բ

 

Ռուբեն Ա

Ռուբեն Ա՝ Կիլիկիայի Հայոց իշխան (1080 – 1095), Կիլիկիայի Հայոց Թագավորության Ռուբինյան հարստության հիմնադիրը։ Որոշ հայ պատմիչների համաձայն, նա ազգակից էր Արծրունիներին և Բագրատունիներին, սակայն այդ ենթադրյալ ազգակցությունը գիտականորեն ճշտված չի։ 1080-ին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և Լեռնային Կիլիկիայում ստեղծել անկախ իշխանապետություն, որը հետագայում հայկական գերիշխան պետության հիմքը հանդիսացավ։ Ռուբենի գահը ժառանգեց իր որդին՝ Կոստանդինը (Կոստանդին Ա)։

Կոստանդին Ա

Կոստանդին Ա Ռուբինյան Ռուբինյան (ծննդյան թվականն անհայտ է – մահացել է 1100 թվականին), Կիլիկիայի Հայոց իշխան 1095–ից։ Ռուբեն Ա–ի որդին և հաջորդը։ Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացիներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098–ին՝ Լեռնային Կիլիկիայում ռազմական կարևորություն ունեցող Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ։ Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ։ Դստերը կնության տվեց Եդեսիայի կոմս Ժոսլինին (Ջոսլին) և փոխօգնության դաշինք հաստատեց նրա հետ։ Կոստանդինի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում։

Թորոս Ա

Թորոս Ա (1070/71–1129), Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։

Լևոն Ա

Լևոն Ա Ռուբինյան (ծն.թ. անհայտ–1139), Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129–1137 թվականներին։ Կոստանդին Ա–ի որդին։ Հաջորդեց եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։ Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայիհարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը (Թորոս Բ) 1143թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։

Ռուբեն Բ

Ռուբեն Բ (ծն.թ.անհայտ–1169), Կիլիկիայի Հայոց իշխան 1169 թվականին, Ռուբինյանների ազգատոհմից։ Հաջորդել է հորը՝ Թորոս Բ–ին։ Ռուբենի անչափահասության պատճառով երկիրը ղեկավարում էր Թովմաս պայլը։ Սակայն նույն թվականին գահը բռնագրավել է Թորոս Բ–ի եղբայր Մլեհը։ Թովմաս պայլը Ռուբենին փախցրել է Հռոմկլա, որտեղ շուտով մահացել է։

Ռուբեն Գ

Ռուբեն Գ (1145-1187), Կիլիկիայի Հայոց իշխան 1175 թվականից: Ռուբինյանների ազգատոհմից: Իշխան Ստեփանեի և Հեթումյան դշխուհի Ռիթայի ավագ որդին։ Հոր եղերական վախճանից հետո մոր և կրտսեր եղբայր Լևոնի հետ դաստիարակվել և կրթվել է քեռու՝ Բակուրան իշխանի մոտ։ Գահ է բարձրացել հորեղբոր՝ Մլեհի դավադրական սպանությունից հետո։ Գահակալման սկզբին մահապատժի է ենթարկել Մլեհի դավադիրներին, զսպել որոշ իշխանների անջատամետ ձգտումները, Բյուզանդիայից ազատագրել Ադանա և Մսիս քաղաքները։ Մանուիլ I կայսեր մահից հետո Ռուբենը վերացրել է կայսրության վերջին հենակետները Դաշտային Կիլիկիայում, բյուզանդական տարրից մաքրել ծովեզերքը։ 1182 թվականին պաշարել է Հեթումյան հզոր և դեռևս կիսանկախ իշխանության կենտրոն Լաբրոնը։ Ռուբենի դեմ երկարատև պայքարում Հեթումյաններն օգնություն են խնդրել Անտիօքի դուքս Բոհեմունդից։ Վերջինս խաղաղության պայմանագիր կնքելու պատրվակով, 1185 թվականին Ռուբենին հրավիրել է Անտիոք, խարդախորեն ձերբակալել է նրան և իր զորքով ներխուժել Դաշտային Կիլիկիա։ Սակայն, հանդիպելով Ռուբենի եղբոր՝ հայկական զորաբանակի զորավար Լևոնի հակահարվածին, Բոհեմունդը նահանջել է։ 1187 թվականին Լևոնը փրկագնել է Ռուբենին, բայց վերջինս գահը կամովին հանձնել է եղբորը՝ Լևոնին, և նվիրվել կրոնին։

Լևոն Բ

Լևոն Բ (1150 թ. – մայիսի 2, 1219 թ.), հայոց թագավոր 1198–ի հունվարի 6-ից։ Ռուբինյանների արքայատոհմից։ Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ–ին։

Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիքը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

 

Կարծիք…

Կարծում եմ, այս անհատները իրոք մեծ հռչակ ունեին և պատիվ: Ես կարծում եմ, որ նրանք կարողացել են իրենց գործը արժանապատվորեն կատարել և կարողացել են թեկուզ փոքր բանով օգուտ տալ և զարգացնել Կիլիկյան Հայաստանը:

 

Աղբյուրներ՝ Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ

Ռուբեն Ա

Կոստանդին Ա

Թորոս Ա

Լևոն Ա

Ռուբեն Բ

Ռուբեն Գ

Լևոն Բ

Leave a comment