Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Ամենասպասվածներից…

Ամենասպասվածներից… այն այնքան էր ձգձգվել տարբեր պատճառներով: Վերջապես հաստատվեց:

Ուրբաթն արևոտ էր, մեր տրամադրությունը` ճամփորդական. ոգևորված էինք, շփոթված: Մեր ծանր իրերը հազիվ բարձրացնելով` տարանք դեպի երթուղային: Տեղավորվեցինք և շարժվեցինք: Ինչ խոսք, ամենասպասված և ամենասիրելի ժամերից են երթուղայինում անցկացրած ժամերը. տեսարաններեր երթուղայինից: Ամեն անգամ նույն ճանապարհով ճամփորդելիս մի նոր բացահայտում կարող ես ունենալ, ամեն անգամ այդ ճանապարհը նորովի տարբեր է: Էլ չեմ խոսում երթուղայինում մեր խաղացած խաղերի, զրույցների մասին: Դրանք ճամփորդության ընթացքում մտերմանալու առաջին քայլերն են: Իսկ ինչպե՞ս անցնել Սևանի կողքով, կանգ չառնել ու չվայելել կապուտաչյա գեղեցկուհուն: Իհարկե, հնարավոր չէ: Կանգնեցինք էլ, վայելեցինք էլ, ընդմիջեցինք էլ: Չէ որ մեզ ուժ էր պետք երեկոյան հին Դիլիջանով անվերջ զբոսնելու համար: Շուտով լսվեցին սպասված խոսքերը. «հասել ենք, իջեք, իրերն իջեցրեք»: Հյուրատանը մենք միանգամից բախվեցինք գենդերային խտրականության: Տղաները այստեղ քնեն, այս սենյակում տղաները, այս հարկում տղաները, քանի որ տղա են: Թող խոսեն, քննարկեն, իսկ մենք լուռ հասանք մեր ուզածին, մինչև նրանք կռիվ էին տալիս: Իրերը տեղավորեցինք մեր ուզած սենյակում, հանգստացանք և ահա գնում ենք թափառելու: Այցելեցինք մի փայտագործի, ով փայտից գեղեցիկ փայտե ստեղծագործություններ ուներ: Հին Դիլիջանը այնքա՜ն գեղեցիկ էր, չկրկնվողներից…Մեզ ուղեկցում էր թեթև քամին, որն անգամ հաճելի էր, ինչպես հաճելի է ցանկացած եղանակ, երբ շրջապատված ես քեզ համար հետաքրքիր մարդկանցով և նոր բացահայտումներով: Ամենուր անտեսված հին շինություններ, կղմինդրե տանիքներ, որոնք մեր ուշադրությունը գրավեցին ընկեր Մարալի հորդորներով: Երկա՜ր եղևնիներ, կարծես հեքիաթում լինեինք: Քայլեցինք, շա՜տ երկար քայլեցինք: Մոտ երեք ժամ, գուցե չորս, մենք թափառում էինք, զրուցում, լուսանկարում: Հաստատ զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ ոչ մի գրամ չէինք հոգնել, այնքան էներգիա ունեինք, որ հյուրատուն մտնելուց անմիջապես հետո միանգամից սկսեցինք տարբեր տրամաբանական և ինտելեկտուալ խաղեր խաղալ: Դե, էլ ինչ ճամփորդություն առանց մաֆիայի, այն դարձել է մեր ճամփորդական օրվա անբաժան մասը: Բոլորս ընթրիքից հետո նստեցինք մի մեծ սեղանի շուրջ և սկսեցինք մաֆիան` ամեն անգամ ավելի ու ավելի հետաքրքիր մաֆիան: Խաղում էինք ուշադիր, տրամաբանելով, վերլուծելով, արդեն միմյանց լսելով: Այս խաղը կարևոր է նրանով, որ այն սովորեցնում է լռել, սովորել դիմացինին լսել, վերլուծել, տրամաբանել: Իհարկե, այս անգամ դրան նպաստում էր նաև Համբարձումի բացակայության գործոնը: Չնայած նա էլ արդեն սովորել է լսելով խաղալ: Խաղից հետո քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները, զրուցեցինք տարբեր թեմաներից, կատակեցինք, մի լավ ծիծաղեցինք: Հաջորդ առավոտն այնքան խաղաղ էր, որ մենք բոլորս անուշ քուն էինք մտել, մինչև չլսվեց զանգի ձայնը. «աղջիկներ, արթնացեք, հագնվեք, կես ժամից շարժվում ենք»: Իջևանն էր մեզ սպասում` իր հյուրընկալ գինեգործների ընտանիքով, բարձունքում` Մակարավանքով: Առաջինն ուղևորվեցինք Իջևանի թիվ 1 դպրոց: Դպրոցում մենք ներկայացրեցինք մեր ծեսերը, Թումանյանական օրերը, Ղափամայի ծեսը, միասին երգեցինք, պարեցինք, Թումանյանի քառյակներից կարդացինք: Դե…հետաքրքիրը դեռ առջևում էր: Այգիներից մեկում նստեցինք, ընդմիջեցինք և ուղևորվեցինք դեպի Իջևանի գյուղերից մեկը՝ Աչաջուր` գինեգործների տուն: Ինչպես արդեն ասացի, նրանք շատ հյուրասեր էին, էլ տնական փախլավա, էլ մրգեր, էլ թարմ մրգերի հյութեր, լավագույնս դիմավորեցին մեզ: Նրանք տնական գինի էին պատրաստում, ի դեպ, գյուղում նրանք միակն էին: Մառանն այնքան էր մեզ գրավել, որ դուրս գալ չէինք ուզում, տան տիկինը պատմում էր ու պատմում: Ես այնքան եմ կարևորում նման զրույցները, նման մարդկային ջերմ շփումը: Տան տիկինը մեզ ցույց տվեց իրենց սարքերը, հումքը, որից ստանում են գինին: Նրանք միայն պատրաստում էին սպիտակ գինի: Վերջերս են սկսել իրենց գինու արտադրությունը, հումքն էլ իրենց այգուց է, իսկ երբ չի բավականացնում, գնում են: Միայնակ չեն անում, բերքահավաքին նրանց օգնության են հասնում ընտանիքի մյուս անդաները, լավ է, որ համախմբված, միասնական են: Նրանք գինին պահում են իրենց մառաններում: Պարզվում է` նրանց տնական գինին մի փոքր մուգ գույն ունի, դա նրանց մոտ նորմալ է, նրանք դա են խմում, իսկ զբոսաշրջիկների համար պատրաստում են հենց սպիտակ գինի, որին տարբեր հավելումներ են ավելացնում: Սառեցված խաղող ունեին, դա պահել էին, որպեսզի հյուրերին ցույց տան, թե ինչ հումքից են պատրաստում գինին, փորձեցինք, համեղ խաղող էր: Ամեն ինչ իսկապես շատ հետաքրքիր էր: Զարմացանք, երբ նրանց բակում տեսանք պալմա` էկզոտիկ ծառ, բավականին մեծ էր: Դե ինչ, մեզ սպասում էր Մակարավանքը: Ճանապարհի կեսն անցանք երթուղով, իսկ հետո` քայլելով` 3-4 կիլոմետր գնացինք և այդքան էլ` վերադարձանք: Ես այնքան եմ սիրում երկար քայլքի ճանապարհները, որոնք մենք անցնում ենք տարբեր ճամփորդությունների ընթացքում: Դրանք են հնարավորություն տալիս զրուցել, իսկ միմյանց ճանաչում, բացահայտում ենք զրույցների շնորհիվ, այդ ճանապարհներին է, որ ձևավորվում է լավագույն ընկերությունը:

Հասանք Մակարավանք… իսկապես արժեր այդքան քայլել, դեռ մի բան էլ ավելի: Նանեն` մեր իջևանցի ընկերը պատմեց իր իմացած պատմությունը Մակարավանքի մասին: Վանքը մի քանի եկեղեցիներից էր բաղկացած` 7-րդ դարի, 13-րդ դարի: Ահա կրկին Դիլիջանում ենք: Ամբողջ ձմեռ երազեցի, որ առատ ձյուն տեղա, բայց Երևանում գրեթե ձյուն չտեսանք, այժմ Դիլիջանում ենք, Երևանում ձյուն է եկել, իսկ Դիլիջանում, որքան էլ որ զարմանալի է, ձյուն չկա ու չկա: Կրկին խաղեր, քննարկումներ, զրույցներ, հաջորդ օրվա անելիքներ: Հիանում էինք նաև մեր արած լուսանկարներով, որոնք պետք է մեր TV-ի էջում հրապարակվեին: Վերջին գիշերն էր Դիլիջանում: Պարզ է, որ ուզում էինք ուշ քնել, նույնիսկ չքնել: Բոլորս լուռ հավաքվեցինք մի սենյակում և սկսեցինք լուռ խաղալ: Դե, ինչ լռություն, եթե խաղում ենք: Առավոտյան Գոշով, Գետիկով ուղևորվեցինք դեպի Դիլիջան: Ճանապարհին տեսնելով սպիտակ և կանչող ձյունը՝ չդիմացանք, որշեցինք մի տեղ կանգնել և մի լավ ձնագնդի խաղալ: Ի՜նչ սպիտակ ձյուն էր, ի՜նչ փափուկ: Ձնագնդի էինք խաղում, վազվզում, ձյան վրա պարկում և վայելում «սառը ջերմությունը»: Հետաքրքիր և աշխույժ տարմադրությամբ էլ ավարտվեց, թե ճանապարհը, թե օրը, թե դիլիջանյան և իջևանյան թափառումները, թե ամենասպասված ճամփորդությունը: Շնորհակալ ենք մեր դպրոցին, չէ որ դպրոցն է հնարավորություն տալիս, որ մենք ունենանք այսպիսի ճամփորդություններ, ճանաչենք Հայաստանի տարբեր անկյունները, թափառենք, ուսումնասիրենք և ամենակարևորը` մարդկային շփումներն ու փոխհարաբերությունները վայելենք,գնահատենք: Անչա՜փ շնորհակալ ենք մեր անկրկնելի և ամենաբարի ընկեր Մարալին և ընկեր Անիին, քանի որ առանց նրանց չէր լինի այս սպասված ճափորդությունը: Եթե թեկուզ մի ճամփորդ չլիներ, ճամփորդության համը կկորեր, չնայած այս ճամփորդությանը չէր եկել Համբարձումը, ով ապահովում է ճամփորդության աշխուժությունը, մեր բարձր տրամադրությունը: Ինչևէ, իր մեղքը չէր, քանի որ նա առաջինն էր պատրաստվում այս ճամփորդությանը: Հուսով եմ` հաջորդ ճամփորդությունը կվայելենք միասին: Սպասենք…

Leave a comment