Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. պատմություն

«Բագրատունիներ»

Բագրատունիները հայկական նախարարական տոհմ են: Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտուկամ, Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։ Բագրատունյաց նախարարական, ապա արքայական տոհմի անունը կապված է նաև Մեծ Հայքի Բագրևանդ կամ Բագրավանդանե գավառի անվան հետ։ Ըստ Մովսես Խորենացու”Հայոց պատմության”, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ Բագրատունիների ընտանիքը վաղ ավատատիրական շրջանում՝ Արշակունիների թագավորության (66-428) ժամանակ, կարևորագույն տեղ է զբաղեցրել հայոց զորանամակում և գահնամակում։ Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո)։ Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի։ Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Թագավորության վերացումից և Հայաստանի մարզպանության ստեղծումից հետո (428) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ, միացնելով Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով։ 5-րդ դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ 7-8-րդ դարերում Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքական առաջնության։ 7-րդ դարի վերջին Հայոց իշխան է դառնում Աշոտ Բագրատունին (685-689 թթ․)։ Քաղաքական պայքարն ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր իրենց տիրույթներին են միացնում Կամսարականների (Շիրակ) և Մամիկոնյանների (Տարոն) կալվածքները։ Այրարատի (Ոստան Հայոց) տարածքը տիրել են 9-րդ դարի կեսերին։ 8-րդ դարում Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ Նրանց գերիշխանության տակ էին բազմաթիվ նախարարական տներ, որոնց մեջ առանձնանում էին Վասպուրականի և Վրաստանի գահերեց իշխանները, Սյունիները և ուրիշներ։ 8-րդ դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայք նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարք)։ 9-րդ դարի վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն, որը հայտնի է որպես Բագրատիոնի: Նրա ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089–1125թթ․), Գեորգի III-ը (1156–1184 թթ․), Թամար թագուհին (1184–1213 թթ․)։ ։ Բագրատունիների տիրույթներն ավելի են ընդարձակվել 9-րդ դարի սկզբին, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։ Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։ 9-րդ դարից Բագրատունիները դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը՝ նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 885–ից՝ Հայոց թագավոր։ Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ․) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է։ Նա 855 թվականից եղել է Հայոց սպարապետ, 862 թվականին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը։ Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ։ Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 000-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր։ Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը։ 869 թվականին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին։ Վերջինս 885 թվականին արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա։ Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը, ով հայկական դինաստիայի հիմնադիրն էր, նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ։ Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թվականին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը։ Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբական ամիրությունները։ Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան)։ Նա չեզոք դիրք է գրավել խալիֆայության և Բյուզանդիայի միջև՝ նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը։ 893 թվականին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ։ Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ՝ Ալանաց դուռը։ 908 թվականին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը։ 909 թվականին Ատրպատականի ամիրա Յուսուֆը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն։ Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուֆին, որը դրժելով խոստումը՝ Դվինում գլխատել է հայոց արքային։ Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը։ Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ։ Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան։ Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մուսուլմանական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով։ Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.)։ Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը։ Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը։ Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ. հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային։ Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին։ Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին։ Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին։ 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում։ Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան)։ X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ։ Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա։ 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի։ Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.)։ Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ։ Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիները դուրս են եկել պատմության ասպարեզից։ Բագրատունիների ծագման մասին պատմաբանները միակարծիք չեն: Իրարամերժ տեսակետները Բագրատունիներին տալիս են հայկական, եբրայական, երբեմն՝ պարսկական ծագում: Թյուրիմացությունը գալիս է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», համաձայն որի՝ Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ-Բագրատին հայոց թագավոր Վաղարշակը տվել է թագադիր ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը նրա անունով կոչել Բագրատունի։ Սակայն տվյալ դեպքում քերթողահոր մատյանին վստահել չի կարելի: Նախ՝ մեզ հասած նրա «Պատմության» ամենահին մատյանը թվագրվում է IX դարով՝ պատմիչի մահից գրեթե կես հազարամյակ անց, և վստահ չենք, թե այն չի խմբագրվել: Բայցևայնպես, հարկ է նկատել, որ եթե անգամ Խորենացին է հաղորդել Բագրատունիների եբրայական ծագման մասին, դարձյալ առանց կասկածի ընդունել չի կարելի: V դարում հայոց աշխարհում, երբ արդեն անկում էր ապրել Արշակունիների թագավորությունը, առաջնության համար պայքար էր ընթանում Բագրատունիների, Սյունյաց, Արծրունյաց նախարարական տների միջև: Բնականաբար, այդ պայքարը սոսկ տնտեսական կամ ռազմաքաղաքական ենթատեքստ չուներ: Տոհմերից յուրաքանչյուրը պետք է նաև իր առաջնությունը հիմնավորող վարկածներ մտորեր: Սյունիները ծագում են Հայկ նահապետից, Արծրունիներն իրենց ծագումը վերագրում էին Ասորեստանի թագավորներին, իսկ Բագրատունիները կարող էին ընտրել եբրայական տարբերակը և իրենց վերագրել, թե ծագել են Հրեաստանի Դավիթ թագավորից՝ դրանով իսկ ազգակից դառնալով Հիսուսին, մանավանդ, որ տվյալ ժամանակահատվածում քրիստոնեությունն իշխող գաղափարախոսություն էր: Դա տարածված գործելաոճ էր Հին աշխարհում: Սա խոսուն վարկած է, մանավանդ որ Խորենացին «Հայոց պատմությունը» շարադրել է Սահակ Բագրատունի իշխանի պատվերով: Ի դեպ, Քերթողահայրը Սահակ իշխանին ուղղված խոսքում նշում է. «Քանզի ասելն ոմանց անհաւաստի մարդոց, ըստ յօժարութեան և ոչ ըստ ճշմարտութեան, ի Հայկայ զթագադիր ազգդ Բագրատունեաց լինել: Վասն որոյ ասեմ. մի այսպիսեաց յիմար բանից հավանիր. զի և ոչ մի շաւիղ կամ ցուցումն գոյ նմանութեան յասացեալսդ` որ զարդարութիւն ակնարկէ. զի ի բայբանից և անոճ իմն յաղագս Հայկայ և նմանեացն կակազէ»: Ճիշտ է, պատմիչը մերժում է Բագրատունյաց հայկյան ծագումը, բայց և հավաստում V դարում այդ տեսության տարածվածությունը: Իսկ IX դարի Անանուն պատմիչը Բագրատունիներին համարում է Հայկ նահապետի որդի Արամանյակից սերված: Իհարկե, Բագրատունյաց եբրայական ծագման տեսակետը հերքելն ամենևին դժվար չէ, քանզի Բագրատունիների ծագումնաբանությունը հասնում է մինչև մ.թ.ա. III հազարամյակ՝ Արատտա պետության և Արարատի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունները: Բագրատունիների տոհմի անվան հետ է կապված նաև Մեծ Հայքի Բագրևանդ գավառի անվանումը, որ այդ տոհմի հայրենական կալվածքն է եղել: Եվ բագ արմատը հայերենում նշանակում է աստված (բագ-բագին), հետևաբար Բագրատունիների տոհմը հին Հայաստանում հայոց քրմական տոհմերից մեկն է եղել:

 

Բագրատունյաց թագավորություն

 

Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը: Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների: Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին:

Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:

Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:

Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական:

 

Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը: Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում: Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ: Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում:

Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ: Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:

 

Կարծիք…

Իմ կարծիքով Բագրատունիները շատ ուժեղ և հզոր տոհմ են եղել: Առանց նրանց իրոք չէր կարելի պատկերացնել, քանի որ շատ տարիների, դարերի պատմություններ կարող էին ուրիշ կերպ դասավորվել և հնարավոր էր, որ այժմյան Հայաստանը չլիներ: Նրանց տոհմի ամենամեծ գաղտնիքն ու ուժը այն էր, որ նրանք կազմակերպված տոհմ էին, ուժեղ և ունեին հանճար թագավոր-արքան էր, ովքեր պատվով էին պահում իրենց երկիրը:

 

Աղբյուրներ՝Բագրատունիներ

Բագրատունիներ

Բագրատունյաց թագավորություն

Բագրատունիների թագավորություն

 

Leave a comment