Posted in Ուսճամփորդություն

Անձրևոտ Արատեսում

Եկավ շատ սպասված ռազմամարզական ճամբարի երկրորդ փուլը: Այս մեկը յուրահատուկ էր նրանով, որ չորսօրյա էր, և մենք բոլորս անհամբերությամբ սպասում էինք այդ չորս օրվան, քանի որ գիտեինք, թե ինչ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնելու:

Մեր առաջին կանգառը Զագակատան զորամասն էր: Այնտեղ մենք ծանոթացանք զենքի տեսակներին, կրակեցինք, նռնակներ նետեցինք, նրանց հետ ճաշեցինք: Կարելի է ասել կես օր նրանց հետ ապրեցինք և հասկացանք, թե ինչքան պատասխանատվություն և ուժ է պետք այդ ամենի համար: Կրակելու ձայնից բոլորիս մոտ գլխացավ էր առաջացել, չէինք էլ պատկերացնում, որ նրանք այդ ձայներով են արթնանում և քնում: Իմացանք, որ աղջիկներն ամենալավ դիպուկահարներն են լինում, ոգևորող փաստ էր իրականում: Գնացինք Արատես, որը մեզ դիմավորեց անձրևով, բայց դա էլ իր կոլորիտն էր ստեղծում: Տեղավորվեցինք, բաժանվեցինք ջոկատների, ընթրեցինք և եկավ ամենասիրելի պահը՝ խարույկն ու անվերջ զրույցները, հին ավանդական խաղերը:

Երկրորդ օրը սկսվեց առավոտյան ժամը ութի տողանից, վազքից, իսկ նախաճաշելուց հետո պետք է բարձրանայինք Սմբատաբերդը: Անձրևը մեզ չխանգարեց, մենք Շատինի դպրոցի սովորողների հետ բարձրացանք Սմբատաբերդը: Ճիշտ է, ոտքից գլուխ թրջվել էինք, բայց այդ գեղեցկությունն արժեր, հատկապես այդ մռայլ եղանակին ուղղակի վայելում էինք տեսարանը: Հենց Սմբատաբերդում ճաշեցինք բոլորով միասին, նշեցինք պարի ազգային օրը, պարեցինք միասին և վերադարձանք Արատես:

Մրսած, թրջված…մեզ պակասում էր թեյը և տաք շորերը: Մի փոքր հանգստից հետո անցանք մարզական խաղերին, մեր էներգիան դեռ չէր սպառվել: Խաղացինք տարբեր խաղեր, էլ հալամուլա, էլ վոլեյբոլ, էլ գործագործ: Օրն էլ ավարտեցինք խարույկով և պարերով՝ ինչպես միշտ:

Երրորդ օրը առավոտյան տողանից հետո գնացինք հիսուն խնձորենի տնկելու: Ըստ ջոկատների պետք է տնկեինք տաս ծառ, միասնական աշխատանքի շնորհիվ շատ արագ ավարտեցինք աշխատանքը և վերադառնալաով Արատես ընդունեցինք մարզպետին, ում հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք տարբեր թեմաների, մեր հետաքրքրությունների շուրջ:

Երեկոյան էլ «Կոմանդոս» ռազմական ակումբի հետ խարույկի շուրջ աստղերին էինք դիտում և զրուցում: Արատեսում աստղերը շատ պարզ են երևում, այնքան գեղեցիկ էր: Հաջորդ օրը արդեն պետք է վերադառնայինք, ինչը տխրեցրել էր մեզ, քանի որ մենք չէինք էլ հասկացել, թե ինչպես է անցել այդ չորս օրը, սովորել էինք միմյանց ներկայությանը: Բայց մինչ վերադառնալը մենք ռազմական պարապմունք ունեցանք «Կոմանդոս» ռազմական ակումբի հետ, որը իրենից ներկայացնում էր քվեստ: Ըստ ջոկատների մենք պետք է գտնեինք թաքնված իրերի և հնարավորինս արագ մեր առաջադրանքը կատարած վերադառնայինք: Շատ հետաքրքիր էր, մենք հասկացանք, թե ինչպես պետք է կողմնորոշվել անտառում, աշխատել թիմային, ջոկատին միայնակ չթողնել և լինել համախմբված: Այդքանից հետո մեզ միայն մնում էր վերադառնալ Երևան՝ ամբողջ ճանապարհին զրուցելով արդեն հարազատ դարձած մարդկանց հետ:

Արատեսը մեզ ինչպես դիմավորեց՝ անձրևով, այդպես էլ ճանապարհեց: Ճիշտ է, մենք այդպես չէինք պլանավորել և ամեն ժամը մեկ ստիպված էինք փոխվել, քանի որ ոտքից գլուխ ջուր էինք, բայց դա էլ իր հետաքրքրությունն ունի, կարևորը, որ անձրևը մեզ չխանգարեց և մենք հասցրեցինք անել այն ամենը, ինչ ծրագրել էինք և ունեցանք հիանալի չորս օր:

Posted in Ուսճամփորդություն

Սառած Աստղիկը

Սիրո տոնին, որպես սիրո խորհրդանիշ այցելեցինք Աստղիկ և Վահագն ջրվեժներ, որոնք հատկապես տարվա այս եղանակին հրաշալի գեղեցկություն ունեն։ Երևանից երթուղով գնացինք Գառնի, իսկ հետո սպասվում էր ճանապարհ բեռնատարով, որն իր հետաքրքրությունն ունի։ Քարքարոտ, տաս կիլոմետրանոց ճանապարհն անցանք բեռնատարով, իսկ հետո պետք է ոտքով քայլեինք։ Ինչպես միշտ քայլքերն անպակաս են։ Քայլեցինք և բավականին դժվար ճանապարհով հասանք Վահագն ջրվեժին։ Նույնիսկ ձմռան կեսին այն հոսում էր, իհարկե ոչ նույն կերպ ինչպես ամռանը, բայց հրաշալի էր տեսնել այդ ամենը։ Լուսանկարվեցինք, վայելեցինք հրաշքը և շարժվեցինք դեպի Աստղիկ։ Ի տարբերություն Վահագնի` Աստղիկը սառած էր։ Այս հրաշքը տեսնել էր պետք և հաստատ արժեր այն դժվար ճանապարհը, որը հաղթահարել էինք։ Ամբողջ ջրվեժը կանգնել էր, կարծես բնությունն էր լռել։ Իրական հրաշք էր և ինչ-որ տեղ տագնապ առաջացնող էր այդ տեսարանը։

Ինչքան այսպիսի չբացահայտված հրաշքներ կան Հայաստանում, որոնք հատ առ հատ պետք է այցելել և վայելել։

Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Նոր բացահայտումների հետքերով դեպի Կապս

Այս ուսումնական տարին որոշեցինք սկսել մի հիանալի ճամփորդությամբ: Ընտրեցինք վայրը, որը պետք է բացահայտեինք այս անգամ, խումբը հավաքեցինք և մի շատ պայծառ առավոտ մենք արդեն ճանապարհին էինք: Առաջին կանգառը Գյումրին էր, իսկ Գյումրին միշտ ճանաչելու կարիք ունի: Գյումրու փողոցները լցվել էր մեր զրույցներով և ծիծաղով, քայլեցինք հին ու նոր փողոցներով, վայելեցինք Գյումրին, որոշեցինք վերադառնալ մանկություն և նստեցինք այնտեղի սատանայի անիվը, վերևից էլ հիացանք Գյումրիով:

Մեկ ժամ հետո Կապսում էինք: Այդ խառնաշփոթը իմ ամենասիրելի պահն է ճամփորդությունների մեջ: Մեկս մյուսին օգնելով իրերն ենք տեղավորում, տարածքն ենք ուսումնասիրում: Մի փոքր որոշեցինք քայլել, շրջել, այնտեղի մատուռը գնացինք: Օրն էլ ավարտեցինք ճամփորդությունից անբաժան մշտական զրույցներով, քննարկումներով, խաղերով մի սեղանի շուրջ:

Հաջորդ առավոտն ավելի սպասված և պայծառ էր, քանի որ արթնանալուն պես մենք ուղևորվեցինք դեպի Արփի լիճ: Անբացատրելի գեղեցիկ ու խաղաղ էր լիճը, մարդկանցից շատ հեռու, թվում էր, թե մարդիկ դեռ չեն հասցրել այդտեղ հասնել և դա էլ աղտոտել, փչացնել: Այդ խաղաղությունից անկախ քեզնից հանգստանում ես, դրական լիցքեր ստանում: Լուսանկարվելուց հետո փոքրիկ բարձրունք ունեինք, որը պետք է հաղթահարեինք, աշնան գույներով տարված շատ արագ հաղթահարեցինք և չնկատեցինք էլ, թե ինչպես: Գիշերը մեր ընկերներից մեկի ծնունդը շնորհավորեցինք, ուրախացանք, կրկին զրուցեցինք, այնքան, որ չնկատեցինք էլ, թե ինչպես ենք քնել:

Հաջորդող օրը տխուր էր, քանի որ Կապսից պետք է հեռանայինք արդեն և իրերը տեղավորելով շարժվեցինք: Կանգառ ունեինք, որից հետո Երևան պետք է վերադառնայինք: Կանգ առանք Մարմաշենի վանական համալիրում, շրջեցինք, հանգստացանք Ախուրյան գետի մոտ և վերադարձանք Երևան: Հայաստանի մի փոքրիկ անկյուն ևս կարող ենք համարել բացահայատված մեր կողմից: Կապսից մեզ հետ բերեցինք հիշողությունների, էմոցիաների մի կույտ, որոնք միշտ կմնան մեզ հետ:

Posted in Ուսճամփորդություն

Արատեսն այս անգամ ուրիշ էր…

Կրկին Արատես, բայց այս անգամ տարբերվող: Առավոտյան ճանապարհ ընկանք: Առանց փորձությունների հետաքրքիր չէր լինի, այդ պատճառով ճանապարհին փոքրիկ կանգառ ունեցանք՝ ինչ-որ խնդիր կար ավտոբուսի հետ: Չնայած դրան, մենք նշված ժամին արդեն Վայքի զորամասում էինք: Այնքան հետաքրքիր էր, բառերով նկարագրելու չէ: Այլ է, երբ դու պարզապես լսում ես այդ ամենի մասին, այլ է, երբ տեսնում ես քո աչքերով զինվորների առօրյան, նրանց հագուստը: Մեծ հետաքրքրությամբ լսեցինք գնդապետին, ով մեզ պատմում էր այդ ամենը, մեզ ծանոթացրեցին հրացանի տեսակներին, իսկ հետո ճաշի ժամն էր հենց իրենց ճաշարանում, զինվորների նման ճաշեցինք և պետք է գնայինք կրակելու: Իսկ դա արդեն մի ուրիշ հաճույք էր: Մինչև կրակելը նռնակներ նետեցինք, իսկ հետո զրուցում, քննարկումներ էինք անում զինվորների ետ, մինչև իրենց խումբը վերջացնի, և մնեք գնանք կրակելու: Այնքան հետաքրքիր էր զրուցել նրանց հետ, ծառայությունից խոսեցինք, մասնագիտություններից, այլ տարբեր թեմաներից: Եկավ կրակելու ժամը, սկզբում կրակեցին աղջիկները, հետո տղաները: Հագանք պաշտպանիչ հագուստը, որը 12 կգ էր, բայց ինձ համար բացարձակ դժվար էր: Կրակելու ընթացքից շատ տպավորված եմ, իսկական զենքով կրակելու ժամանակ լարվածություն ու ինչ-որ չափով վախ ես զգում, չնայած ես հաճույքով էլի կկրակեի: Զինվորներին հաջողություն մաղթելով տպավորված ուղևորվեցինք Արատես: Առաջին անգամ էինք վրաններում մնալու, դա էլ իր յուրահատկությունն ուներ, որ ասում եմ Արատեսն այս անգամ ուրիշ էր: Ինչևէ, ջոկատների բաժանվեցինք, տեղավորվեցինք վրաններում և եկավ ամենասիրված պահը թերևս: Խարույկ, գիշերային զրույցներ, քննարկումներ, օրվա ամփոփում… Այն ամենն ինչ ամբողջացնում է հիանալի օրը: Քնեցինք, քանի որ հաջորդ օրն ավելի թարմ ուժերով պետք է սկսեինք:

Առավոտյան 6.00-ից բոլորս արթուն էինք և պատրաստվում էինք, որպեսզի սկսեինք մեր օրը: Օրը սկսեցինք մարզվելուց, մաքուր օդին հատակպես այդքան վաղ մարզվելն ուրիշ է: Առհասարակ սիրում եմ շուտ արթնանալ, այդպես օրդ ավելի երկար է թվում և արդյունավետ: Հետո նախաճաշեցինք, ինտելեկտուալ խաղեր խաղացինք, մինչև եկան ԱԻՆ աշխատակիցները, որոնց հետ ունեցանք շատ ետաքրքիր դաս-պարապմունք, նրանք մեզ սովորեցրեցին ինչպես կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, մի քանի հետաքրքիր դեպքեր պատմեցին, իսկ հետո այդ ամենը գործնական փորձեցինք: Նրանց գնալուց հետո պետք է ճաշեինք, ճաշեցինք և անցանք մեր մյուս անելիքներին: Բաժանվեցինք ջոկատների: Տղաների ջոկատը պետք է գյոլեր ստեղծեր, իսկ աղջիկների ջոկատը վարդեր հավաքեր: Դրանք ավարտելուց հետո, նստել էինք պոպոքի ծառի տակ և զրուցում էինք, հենց այդ զրույցներն ու քննարկումներն են ,որ մտերմացնում են մեզ: Զգացինք, որ սարսափելի շոգ է, իսկ մենք հովանալ ենք ուզում և որոշեցինք փոքրիկ ջրոցի կազմակերպել: Այդպես ջրվեցինք, հովացանք: Դրանից հետո հոգնած էինք, ընթրեցինք և անցանք ճամբարի ժամանցային հատվածին: Խաղեր խաղացինք, նախապատրաստվեցինք խարույկին և երգով, պարով ամփոփեցինք ճամբարային վերջին գիշերը:

Առավոտյան արթնացանք մի փոքր տխուր, որ վերադառնում ենք, չնայած դեռ անելիքներ ունեինք: Մարզվելուց, նախաճաշելուց հետո գնացինք գետի հունով քայլքի, քայլարշավ իրականացրեցինք, և արդեն ժամանակն էր վերադառնալու: Իրերը հավաքեցինք, տարածքը մաքրեցինք և շարժվեցինք դեպի Երևան: Մոտ ութին հասանք Երևան, շատ հոգնած,բայց նաև տպավորված: Ռազմամարական ճամբարն իսկապես տարբերվող էր, այդ իսկական ճամբարային կյանքը ռեժիմով, ջոկատներով շատ հետաքրքիր և պարտավորեցնող էր, պօատասխանատվություն էիր զգում: Մի փոքր շոգը, միջատներն ու ալերգիաները խանգարում էին, բայց դե պետք է սովորենք այդպիսի վրանային պայմաններին նույնպես:

Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Անասելի սիրուն էր Թռչկանը…

Առավոտյան ժամը 10ն էր, օրը նոր-նոր էր բացվում, քաղաքն արթնանում էր, իսկ մենք արդեն ճանապարհին էինք: Այս անգամ ուղևորվում էինք դեպի Թռչկան ջրվեժ, լավ իմանալով, որ մի շարք դժվարություններ պիտի հաղթահարենք մինչև տեսնենք այդ հրաշքը: Առաջին կանգառն Ապարանում էր՝ Գնթունիքում: Արդեն ավանդույթ է դարձել այդտեղ կանգառ կատարելը: Նախաճաշեցինք, շրջեցինք և շարունակեցինք: Ճանապարհներն ինձ համար միշտ շատ արագ են անցնում, քանի որ զրույցներն ու երաժշտությունը չի դադարում ամբողջ ընթացքում: Արդեն Շիրակամուտ գյուղում էինք, որտեղից պետք է նստեինք բեռնատարը և գնայինք դեպի ջրվեժը: Առաջին անգամ էի բեռնատար նստում, իրականում ամբողջ ճանապարհին իրար վրա ընկնելով և մի շարք վնասվածքներով ստանալով հասանք տեղ, մոտ երեսուն րոպե անցանք բեռնատարով: Հաջորդ փորձությունը գետն էր, պետք է գետի միջով անցնեինք: Իրար օգնելով գետն էլ անցանք, տեղավորվեցինք և գնացինք դեպի Թռչկան: Այնքան գեղեցիկ էր, նայում և հիանում էիր, այդտեղ չլինելով մեծ բան կկորցնեի, որովհետև Հայաստանի երևի թե ամենասիրուն անկյուններից մեկն էր՝ քաղաքից կտրված, բնության գրկում: Նստեցինք, վայելեցինք բնությունը, ճաշեցինք, խաղեր խաղացինք այնտեղ եկած գյուղացիների հետ, և արդեն ժամանակն էր ետ վերադառնալու: Նույն ուղով անցանք և գնացինք ետ Շիրակամուտ գյուղ: Ետ վերադառնալիս վայելում էինք քամին և բնությունն իր հմայքով, բեռնատարով գնալն իր առանձնահատկությունն ունի: Արդեն ժամանակն էր Երևան վերադառնալու, բոլորս շատ հոգնած էինք, բայց հաստատ արժեր այդ հոգնածությունը: Հաճույքով կրկին կգնամ Թռչկան, փորձություններով լի ճանապարհ անցանք մինչև հասանք, ինչն էլ ավելի անմոռանալի դարձրեց ճամփորդությունը:

Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Այս անգամ էլ Ալավերդիում)

Ինչպես միշտ մեր ճամփորդությունները սկսվում են աղմկոտ ավտոբուսում, երբ բոլորս տեղավորվում ենք և պատրաստվում շարժվելուն: Մենք արդեն ճանապարհին էինք…Չնկատեցինք, թե ինչպես արդեն Ապարանում էինք, որտեղ պետք է կատարեինք մեր առաջին կանգառը: Ապարանում ճաշելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը: Հաջորդ կանգառը Քոբայրավանքն էր: Այս փոքրիկ բարձունքն արժեր հաղթահարել նման գեղեցիկ տեսարանի համար: Այնտեղ շրջեցինք, լուսանկարվեցինք, վայելեցինք այդ հնությունը, իսկ հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Ալավերդի: Մի քանի ժամ անց մենք արդեն Ալավերդիում էինք, տեղավորվելուց, հանգստանալուց հետո պետք է գնայինք քայլքի:

Ամբողջ քայլքի ընթացքում մենք վայելում էինք հաճելի եղանակն ու աննկարագրելի բնությունը: Գետի քչքչոցն ամբողջ ընթացքում ուղեկցում էր մեզ, որն ավելի էր ամբողջացնում երեկոն: Քայլելով, լուսանկերվելով գնացինք հյուրատուն, որտեղ տեղավորվել էինք: Երեկոն առջևում էր, որը մենք անցկացրեցինք զրույցներով, խաղերով, իսկ հետո գնացինք քնելու, քանի որ հաջորդ օրը շատ ծանր օր էր սպասվում:

Առավոտյան արթնանալով նախաճաշեցինք և միանգամից լքեցինք հյուրատունը: Օրը դեռ նոր էր սկսվել, առջևում քայլքաշատ օր էր սպասվում: Սկզբում գնացինք Ախթալա, Նահատակ պոչամբար: Ուսումնասիրեցինք պոչամբարը: Իրականում այն շատ սիրուն տեսք ուներ, բայց երբ գիտակցում էինք, թե դա ինչ լուրջ վնասներ է հասցնում հասկանում էինք լրջությունը: Տեղի բնակիչների համար հատուկ պետք էր անհանգստանալ, որովհետև այդ օդը սարսափելի աղտոտված էր և նույնիսկ քսան րոպե այնտեղ մնալով գլխացավ էր առաջանում: Հետո գնացինք Հաղպատ, այնտեղ էլ մի լավ շրջեցինք և հոգնած վերադարձանք հյուրատուն: Հանգստանալուց հետո որոշեցինք մեկ անգամ էլ չափչփել Ալավերդին, վայելեցինք գիշերային Դեբեդը այնուհետև խաղերով, զրույցներով թեյի սեղանի մոտ ամփոփեցինք մեր օրը:

Առավոտյան արթնացանք շատ տխուր տրամադրությամբ, քանի որ վերջին օրն էր: Դեռ մի տեղ էլ ունեինք այցելելու, իսկ հետո պետք է վերադառնայինք Երևան: Գնացինք Սանահին, այնտեղ էլ լավ շրջեցինք, լուսանկրվեցինք և այդպիսով ամփոփեցինք մեր ճամփորդությունը: Ճանապարհն այնքան արագ անցավ, որ մենք չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Երևան: Տխուր էինք, որ ավարտվեց ճամփորդությունը, բայց այն տվեց այնպիսի լիարժեք և անմոռանալի հիշողություններ, որոնք միշտ մեզ հետ կլինեն:

Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Առաջին անգամ գնացքում…

Առաջին անգամ գնացքով այն էլ Գյումրի: Այս առաջարկից հրաժարվել ուղղակի չէր կարելի, չնայած նրան, որ ամբողջ Գյումրին քայլքով անցել եմ, բայց ամեն անգամ մի նոր հետաքրքրություն կգտնես: Այսպիսով առավոտյան ժամը յոթ անց կես բոլորս կայարանում էինք, որպեսզի նստենք գնացք և ուղևորվենք Գյումրի: Օրը դեռ չէր բացվել, իսկ մենք արդեն գնացքում էինք: Ճանապարհներն իմ ամենասիրելի հատվածն են ճամփորդության: Ամբողջ ճանապարհին զրուցեցինք, խաղեր խաղացինք և չզգացինք էլ, թե այդ երեք ժամն ինչպես անցավ: Արդեն Գյումրիում էինք: Գնացքից իջնելով սկսվեցին մեր թափառումները: Քայլելով գնացինք Գյումրու ամենահայտնիի Վարդանանց հրապարակ, շրջեցինք, չափչփեցինք Գյումրու ամենահին փողոցները, նեղլիկ, որոնցով քայլելը ուղղակի հաճույք էր: Այսպես քայլելով հասանք Սև բերդ, չնայած նրան, որ Սև բերդում եղել էի մի քանի անգամներ, այս անգամ կարծես ուրիշ էր ամեն ինչ: Ներսում լռություն էր, անգամ մեր ամենացածր շշուկը արձագանքվում է, ինչն ավելի էր լցնում այդ հիանալի մթնոլորտը: Մենք ուղղակի լուռ շրջում և հիանում էինք:

Սև բերդից հետո բոլորս քաղցած էինք, գնացինք ճաշելու, իսկ հետո որոշեցինք մի փոքր վերադառնալ մանկություն խաղացինք տարբեր խաղեր, որոնց թվում նաև ռեզինն էր: Վաղուց չէինք խաղացել, վերադարձանք մանկություն, մի լավ զվարճացանք, թեյեցինք և չնկատեցինք էլ, թե ինչպես հասավ այն ժամը, որ պետք է գնայինք կայարան: Արագ հավաքվեցինք և շտապեցինք կայարան, որպեսզի հանկարծ չուշանանք գնացքից: Լավ էր, որ ճիշտ ժամանակին հասանք, տեղավորվեցինք գնացքում և շավեցինք դեպի Երևան: Ճանապարհն ինչպես միշտ անցավ աղմկոտ և խաղերով, զրույցներով լի: Բոլորս հոգնած էինք, քանի որ առավոտյան յոթից թափառումների մեջ էինք: Այսպիսով ավարտվեց այս ճամփորդությունը ևս, որը ինչպես մնացածը դեռ շատ երկար կհիշվի:

Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Ցուրտ Արատեսում միջավայրն էր տաքացնում)

Երկար սպասված ճամփորդությունը վերջապես մոտենում էր: Հունվարի յոթին առավոտյան արդեն բոլորս երթուղիների կանգառում հավաքվել էինք և պատրաստվում էինք շարժվելուն: Մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ սպասում էինք տեղ հասնելուն: Սիրում եմ երկար ճանապարհները, սակայն, երբ ընկերներով ենք, դրանք այնքան կարճ են թվում: Արդեն հասանք…Տեղավորվեցինք, արդեն պատրաստվել էինք, որ պետք է շատ ցուրտ լինի, բայց հակառակը՝ բավականին տաք էր: Տեղավորվեուց հետո քայլելով պետք է գնայինք ձոր, այնտեղ շրջեինք և այլն: Իրականում ձոր տանող ճանապարհը բավականին վտանգավոր էր, բայց միմյանց օգնելով հասանք, լուսանկարվեցինք, իսկ հետո մի լավ ձնագնդիկ խաղացինք:

Ձնագնդիկից հետո բավականին մրսել էինք և որոշեցինք բոլորով թեյել, սրճել: Բոլորով հավաքվեցինք ակումբում, որպեսզի թեյենք: Շատ ջերմ միջավայր էր ստեղծվել, նվագում էինք, երգում, և այդ ամենը տաք վառարանի շուրջ: Գիշերը որոշել էինք չքնել և արևածագը դիմավորել, ամբողջ գիշեր զրուցեցինք տարբեր թեմաներից վառարանի շուրջ, արևածագը դիմավորեցինք, իսկ հետո պատրաստվեցինք և գնացինք նախաճաշելու: Ընկեր Վիկտորիայի հետ պատրաստեցինք կրեպեր նախաճաշի համար և նախաճաշեցինք: Մի փոքր հանգստանալուց հետո մեզ մոտ երգուսուցում էր, պատրաստվում էինք ազգագրական փառատոնին, երգեցինք, պարեցինք: Իսկ հետո ամբողջ օրն անցկացրեցինք խաղերով, ձնագնդիկով և զրույցներով: Երեկոյան լոտո խաղացինք վառարանի շուրջ տաք-տաք նստած, զրուցեցինք: Երկրորդ գիշերն արդեն բոլորս էլ հոգնած էինք և շատ երկար չկարողացանք արթուն մնալ, քնեցինք, որպեսզի հաջորդ օրը թարմ ուժերով վերադառնանք Երևան:

Առավոտյան արթնացանք, հավքվեցինք և շարժվեցինք Երևան: Ճանապարհի սկզբին զրուցում էինք, աղեր խաղում, իսկ մյուս կեսին քնել էինք մինչև հասանք Երևան: Անմոռանալի ճամփորդություններից մեկն էր ինձ համար: Ճիշտ է, ցուրտ էր, բայց մենք չէինք մսրում, քանի որ շատ ջերմ միջավայրում էինք: Ճամփորդություններից, երբ ետ եմ վերադառնում շատ տխրում եմ և սա էլ բացառություն չէր, բայց ուրախ եմ, որ ինձ հետ Երևան եմ բերել շատ հիշողություններ: Այս Արատեսն իսկապես յուրահատուկ էր, շատերի հետ էլ առաջին անգամ էի ճամփորդում և շատ տպավորված եմ: Կարծում եմ տարին ավելի լավ չէի կարող սկսել:

Posted in Ուսճամփորդություն

Իմ առաջին Արատեսը…

IMG_3497-scaled

Ինչքա՜ն բան կկորցնեի ես, եթե չլինեի Արատեսում…ու ինչքան բան են կորցրել նրանք, ովքեր չեն եղել…

Առաջին անգամ էի գնում Արատես: Անսահման ոգևորվածությամբ էի գնում, չէի համբերում, թե երբ եմ տեսնելու այն Արատեսը, որի մասին այդքան լսել եմ: Ճանապարհ ընկանք… ինչպես միշտ, մենք ամբողջ ճանապարհին խոսեցինք, խաղեր խաղացինք: Ճանապարհն ինձ նույնիսկ կարճ թվաց… փաստորեն, արդեն հասել էինք, որոշ հատված պետք է ոտքով գնայինք, քանի որ երթուղու համար դժվարանցանելի էր:

Մենք բոլորս մեր իրերով հազիվ բարձրացանք տնակներ և տեղավորվեցինք…

Դեռ տասը րոպե էլ չէր անցել, երբ մենք բոլորս արդեն ձյունն էինք վայելում և հենց այդ ժամանակ էլ սկսվեց այս ճամփորդության արկածների սկիզբը: Մենք շատ պատահական ձնագնդի խաղալու ընթացքում կոտրեցինք մեր տնակի դռան ապակին: Լավ էր, որ ոչ ոք չվնասվեց, բայց ապակու հարցը լուրջ էր:

Մենք, իհարկե, չէինք թողնի այդպես, եթե մի բան փչացնում ենք, ապա պետք է վերականգնենք: Որոշեցինք, որ տղաների մի մասը կգնա փայտ կոտրելու, որպեսզի մենք երեկոյան կարողանանք տաքանալ, իսկ մյուս մասը աղջիկների հետ կգնա ապակին վերանորոգելու և ամեն ինչ կլինի առաջվա նման:

Տեղավորվելուց հետո, որոշեցինք մի փոքր քայլել, ուսումնասիրել:

Ես, որ շատ էի ուզում ծանոթանալ շրջակայքին: Շատ տպավորված էի: Սարերով ու զրնգուն գետով շրջապատված մի տեղ էր, որտեղ կային երեք տնակներ, մարդկանց աղմուկից հեռու, սպիտակ ձնով պատված: Ցուրտ էր, բայց մենք չէինք մրսում, մթնոլորտը ջերմ էր: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր:

Արդեն երեկո էր…Արատեսում երեկոներն անցնում են անսահման հաճելի մթնոլորտում: Ընթրիքից հետո բոլորս հավաքվել էինք ակումբում և վառարանի մոտ հավաքված զրուցում, քննարկում էինք տարբեր թեմաներ: Թեյեցինք, դրսում ցուրտ էր, իսկ ներսում՝ շատ տաք, մեր սրտերում՝ էլ ավելի: Մինչև երևի թե ժամը մեկը այդպես զրուցելով անցկացրինք, իսկ հետո արդեն պետք է գնայինք քնելու, բայց…

Դե արդեն ավանդույթ է դարձել, ինչ քնել, բոլորս մի տեղ հավաքվում ենք և շարունակում երեկոն: Հավաքվեցինք ամենավերևի տնակում, որտեղ աղջիկներն էին մնում: Այնտեղ շարունակեցինք, խաղեր խաղացինք, մեր տնակի վառարանը տղաները վառեցին և արդեն բավականաչափ խաղալուց, զրուցելուց հետո հոգնած, որոշեցինք քնել: Տղաները գնացին իրենց տնակ: Իրականում մենք մրսում էինք, եղանակը ցուրտ էր, բոլորս վառարանի մոտ հավաքվեցինք, տաքացանք և այդպես քնեցինք:

Առավոտյան արթնացանք ցրտից, այնքան ցուրտ էր…Դե վառարանը գիշերը անջատվել էր և սենյակը սարսափելի ցրտել էր: Մեզ օգնության հասան տղաները, վառարանը վառեցին և մենք բոլորս գնացինք նախաճաշելու: Նախաճաշից հետո մենք պետք է տեսանյութ նկարեինք, կարդայինք Թումանյան, Չարենց, Տերյան: Այդ հրաշալի բնության մեջ ինձ համար այնքան հաճելի էր Չարենց կարդալը:

Դրանից հետո մեզ սպասում էին մարզական խաղերը: Սահնակներ վերցրեցինք, ձների մեջ մի լավ խաղացինք և բոլորս մրսած գնացինք փոխվելու, իսկ հետո՝ թեյելու:

Կրկին երեկո էր…Այն ջերմ երեկոներից, երբ մենք հավաքվում ենք ակումբում, թեյում և խաղում մեր ամենասիրելի մաֆիան: Սենյակում շարունակվող երեկոն, անսահման փորձերը վառարանը վառելու, երգերն ու պարերը, խաղերը և արդեն առավոտ է…

Հաջորդ օրն արդեն վերադարձի օրն էր, ես այնքան էի տխրել, որ պետք է վերադառնանք: Նաև գարնան առաջին օրն էր, չնայած Արատեսում դեռ ձմեռ էր, գարնան շունչ չկար անգամ: Մենք, առավոտյան արթնանալով, հավաքեցինք մեր իրերը և ճանապարհ ընկանք:

Ճամփորդությունն իսկապես հրաշալի էր, ես շատ տպավորված եմ: Այնքան եմ ուզում նորից գնալ Արատես, բայց շատ երկար ժամանակով, օրինակ՝ մեկ շաբաթով: Գնանք և վայելենք Արատեսը իր ցրտով, արկածներով, ջերմ երեկոներով:

Ես գրեթե բոլոր ճամփորդություններից այսպես տպավորված եմ վերադառնում և անսահման տխրում, երբ գալիս է վերջին օրը: Ինձ թվում է դրա պատճառը ինձ հետ ճամփորդողներն են՝ իմ ընկերները և իհարկե ընկեր Մարալն ու ընկեր Անին, ովքեր ամեն անգամ հանդուրժում և չեն բարկանում մեր խենությունների վրա, նույնիսկ, երբ չարաճճիություններ ենք անում:

Արատեսն ինձ զարմացրեց…

Posted in Ուսճամփորդություն

Պատմում եմ ձեզ… Տավուշ

IMG_2494ss

Ինչպես միշտ, իմ ճամփորդական առավոտները էմոցիաներով լի են, միաժամանակ ուրախություն է, ինչ-որ տեղ նաև՝ անհանգստություն:

Շարժվում ենք դեպի Տավուշ…

Էրեխեք, իջնում ենք արդեն…Ցուրտ է, վերցրեք բաճկոնները…Այո, շատ ճիշտ հասկացաք, մենք արդեն առաջին կանգառում ենք՝ Ծովագյուղում:  Որքա՜ն ջերմ են մեզ ընդունում Ծովագյուղում՝ համերգով, պարերով, հյուրասիրությունով: Մենք էլ, իհարկե, մեր պարերով, երգերով և կարևորը՝ միասնական:

Աննկարագրելի գեղեցիկ տեսարան… Սևանն էր՝ փռված գյուղի երկայնքով, կարծես հսկում էր գյուղը: Իսկ դեպի Սևան ձգվում էր Ձկնգետը, որի հունով քայլքը տանում էր դեպի աղետալի մի տեսարան՝ ճահիճ ու ճահիճ:

Ինչևէ, Սևանից բացվող տեսարանն այնքան շքեղ էր, որ չլուսանկարվել հնարավոր չէր:

IMG_20191108_140903IMG_20191108_140903nnnn

Միշտ ասել եմ, էլի կասեմ, որ երթուղայինում անցկացրած ժամերը ամենահաճելին են, իսկապես: Ու մեկ էլ…Հասել ենք Իջևան արդեն, չէ հյուրատուն չէ…Պետք է զբոսնեինք քանդակների պուրակում, այն էլ՝ ԵՊՀ-ի արվեստի ֆակուլտետի ուսանողների հետ: Հետաքրքիր էին քանդակների պատմությունները, քայլքը Աղստևի հունով:

Եվ ահա այսպես. պատրաստվեք, իջնում ենք, իրերը չմոռանաք: Այս խոսքերից հետո բոլորս մի մարդու պես հինգ րոպեից իրերով արդեն հյուրատանն էինք, որտեղ պետք է երեք օր անցկացնեինք:  Երեկոյան մեզ սպասում էին խաղերը, զրույցները՝ ճամփորդության ամենահետաքրքիր պահերը: Դրանց շնորհիվ ենք մտերմանում, ընկերներ դառնում:

Բուռն օրվանից հետո բոլորս հոգնել էինք և քանի որ հաջորդ օրը մեզ երկար քայլք էր սպասվում, որոշեցինք քնել:

Ճիշտ հասկացաք, ճամփորդական առաջին օրը կարելի էր համարել ավարտված: Այո, ավարտված, բայց ոչ մեզ համար: Առջևում էր դեռ երկար գիշերը, խաղերը, ատամի մածուկն ու 12.00-ից հետո դռնից այն կողմ բազկաթոռին անքուն մեզ հսկող ընկեր Մարալն ու ընկեր Անին:

Ժամը ինն է, չե՞ք ուզում արթնանալ…Հա, գիշերն անցավ, առջևում էր երկար քայլքը ու պետք էր ցույց չտալ, որ 3 ժամ ենք քնել: Չնայած նրան, որ չէինք քնել, մենք պատրաստ էինք երկար քայլքի ու ամեն կերպ փորձում էինք թաքցնել, որ ամբողջ գիշերն անցկացրել ենք չարաճճիություններով:

Խաշթառակ գյուղն էր մեզ սպասում: Դեռ հետաքրքիր ու հագեցած օրվա ծրագիր ունեինք:

Սկիզբն անցանք երթուղիով, այնուհետև քայլքով դեպի հայտնի Դատաստանի քարը: Ովքեր դիտել են <<Մենք ենք մեր սարերը>> ֆիլմը, կհասկանան: Խաշթառակ գյուղից ոտքով երկար քայլք…իսկ գիտե՞ք, թե ուր… մինչև Լուսահովիտ գյուղ՝ Ծռվիզի կամ Մորո Ձորո վանք:

Քայլելուց հաճելի էլ ի՞նչ կա: Մենք՝ ճամփորդներս շատ ենք սիրում երկար քայլք, որի ընթացքում անչափ հոգնում ենք, նաև՝ լիցքավորվում, շփվում միմյանց հետ, ուսումնասիրում տարածքը,  զրուցում բնակիչների հետ, լուսանկարում:

Եվ ահա, մի քանի քայլ և արդեն երևում էր Մորո Ձորո վանքը: Բնությունը՝ հրաշք էր, խորը, բազմագույն աշուն, եղանակը՝ հաճելի, տաք: Շրջեցինք տարածքով, խաղացինք ամենատարբեր բակային խաղերը՝ հալամուլա, քարկապ: Դե, իհարկե, ընդմիջեցինք: Քանի որ օրն արդեն մթնում էր, մենք որոշեցինք քիչ-քիչ շարժվել ետ: Գիտե՞ք, հասկացա՝ Լուսահովիտի բնակիչները շատ հյուրասեր էին, մեզ  օգնում էին ջրով, հյուրասիրում: Չնայած՝ առանց հյուրասիրելու էլ այնքան մոշ կար ճանապարհին: Հոգնել էինք շատ: Դե, քայլքը հետաքրքիր լինելու հետ մեկտեղ նաև հոգնեցնում է: Հասանք հյուրատուն: Չէ, մենք էլի չքնեցինք: Բայց այս անգամ երկար չձգեցինք: Ուղղակի անհնար էր:

Մեր ճամփորդական գիշերները միշտ անցնում են այսպիսի ջերմ մթնոլորտում:

Վաղվա օրն առջևում էր:

-Չենք ուզում գնալ…

-Իսկապես շատ լավ անցանք…

-Հա, այս երեք օրերը չենք մոռանա…

Լսվում էին այսպիսի մտքեր: Իսկապես, երեք օրն անցավ արագ և մենք չնկատեցինք, թե ինչպես երրորդ՝ վերջին ճամփորդական օրն արթնանալով, հավաքեցինք մեր իրերը, նախաճաշեցինք և ճանապարհվեցինք: Չէ, չէ, միանգամից Երևան չգնացինք: Դեռ քայլում էինք Աղստևի հունով՝ մինչև Դենդրոպարկ: Զարմանալի է, բայց մուտքն անվճար էր, իսկ ներսում՝ բնությունն ու հանգստությունն՝ աննկարագրելի: Երկու կանգառ դեռ ունեինք՝ Գետիկի կիրճն ու կամուրջը: Կամրջի մոտ իջանք, մաքուր օդ էր ու տեղ-տեղ ձյուն: Ճանապարհն անցավ ճամփորդությունը վերհիշելով:

Այո, ճամփորդությունն ավարտվեց… բայց չավարտվեցին զվարճալի հիշողությունները:

Լավագույններից մեկն էր: Չէ՞ որ ճամփորդում էի ընկեր Մարալի, ընկեր Անիի ու իմ լավ ընկերների հետ:

IMG-20191111-WA0041