Posted in Դանիել Վարուժան, Uncategorized

Ցորյանի Ծովեր.Դանիել Վարուժան

 

Դանիել Վարուժան

ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովե՜ր կ’ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’ացնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

Posted in Դանիել Վարուժան, Uncategorized

Դանիել Վարուժանի մասին.

250px-Varuzhan.jpgԴանիել Չպուգքյարյանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսումսկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ Տարիներ անց «Հորս բանտին մեջ» ոտանավորում Վարուժանը հիշում է՝

Aquote1.png

Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի և մահճի։

Aquote2.png

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։

Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։ «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», – գրել է բանաստեղծը։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։

Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։

1905 թ. բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճում, (Ghent University Library) Rozier 9, B-9000 Ghent։ Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևյալ խոսքերը՝

Aquote1.png

ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՛ապրի,
երբոր երազն անմահ է։

Aquote2.png

Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։

Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով։

Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1914-ին հինգ հիմնադիրներից է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ Հ. Ճ. Սիրունու հետ խմբագրել է «Նաւասարդ» գրական տարեգիրքը, որից լույս է տեսել միայն առաջին հատորը 1914-ին։

1915 թ. էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգը» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած՝ կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին՝ Չանղըրի քաղաքի մոտ՝ մի ձորում, հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։

1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Երևանում կան Վարուժանի անվան փողոց, դպրոց։