Posted in Գրականություն

Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյանը ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), 31-րդ գծի թիվ 39 փայտաշեն մեկհարկանի տանը` արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։ 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ Ի. Սեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Ս. Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Ն. Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1860 թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։

Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Ռ.Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց. փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։

Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց Կալկաթա, իր ծննդավայրի և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը. անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866 թվականի մարտի 31-ին։

Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով` հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։

Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։

Posted in Գրականություն

Գրականություն

Րաֆֆին հայ գրող է, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելա գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857–58-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներին։

50–60-ական թթ. Րաֆֆին արդեն ստեղծել էր բավական հարուստ գրական ժառանգություն։ Նա իր ձեռագիր տետրերում ուներ մի քանի տասնյակ բանաստեղծություն, պոեմներ («Դժոխքի կապալառուք», 1874, «Արայն պատերազմի դաշտումը», 1874, «Սառա», 1874), «Սալբի» (հրտ. 1911) վեպը, «Հարեմ» (1874) վիպակը, ուղեգրություններ և այլն: Գերազանցապես պարսկահայ իրականությունն արտացոլող այդ երկերի գաղափարական ելակետը լուսավորությունն է։ Լուսավորական աշխարհայեցության այս սահմաններում էլ Րաֆֆին ի հայտ է բերել գրկականության հասարակական նշանակությունը։ Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար, նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր բևեռներում, որտեղ իրականը տգեղ է ու այլանդակ, իսկ իդեալականը՝ վեհ ու գեղեցիկ։ Այս իրողությունը գեղարվեստ. երկպլան կառուցվածք է տալիս «Հարեմ» և «Սալբի» գործերին՝ մի գծով պատկերելով ֆեոդ. իրականության այլանդակությունը՝ հետամնացության, գռեհկության, մարդկային իրավունքների ոտնահարման, բռնության սարսափներով, մի այլ գծով ասպարեզ տալով գաղափարական հերոսներին, որոնք ձգտում են վերափոխել կյանքը բանականության օրենքներով։

60-ական թթ. վերշերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ական թթ. սկզբին Րաֆֆին հաճախակի է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստ. պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875—1877-ին Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877—79-ին դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ, վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։

70-ական թթ. Րաֆֆուու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին, նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869—70, հրտ. 1882—83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877—78-ի ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-87) վեպերը։ «Կայծեր»–ը XIX դ. հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստ. հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է XVIII դ. սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամվել» (1886) վեպի նյութը վերաբերում է IV դ. կեսի սոցիալ–քաղական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետ. անկախությունը։ «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը, հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը։ Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնահատականը։ Ըստ այղ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը։

Րաֆֆու ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» (1883), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երեվակայության, քննադատության մեթոդի, XIX դ. հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։

Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։

Posted in Գրականություն

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովան ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ է։ Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում։ Երգն ու երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող. հավաքույթների ժամանակ։

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայերեն և վրացերեն խաղերը հրատարակված են ամբողջությամբ, իսկ ադրբեջաներեն հորինվածները՝ կիսով չափ։ Հայերեն են թարգմանված Սայաթ-Նովայի վրացերեն բոլոր երգերը, իսկ ադրբեջաներեն գրվածներից՝ 65-ը։

Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղարշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը, այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել, դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից (ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1753-ին և 1759-ին՝ վերջնականապես)։

Ընդունված է այն կարծիքը, որ նա սիրահարված էր վրաց Հերակլ 2-րդ արքայի քրոջը՝ Աննային: Սակայն որոշ մասնագետներ նշում են, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում երբեք չեն հանդիպել այս փաստը հաստատող որևէ նյութ: Փոխարենը, իր թուրքերեն երգերից մեկում Սայաթ-Նովան նշում է Դալիթա անունով մի աղջկա անուն և երգում սիրո խոսքեր նրա պատվին: Ենթադրվում է, որ Դալիթան մի հույն գեղեցկուհի էր, որի հանդեպ անտարբեր չէր Սայաթ-Նովան:

Կա վարկած, որ Սայաթ-Նովային վտարել են վրաց արքունիքից հենց Աննայի հանդեպ ունեցած սիրո համար: Նա որոշ ժամանակ անց վերադարձել է այնտեղ և կրկին սկսել գաղտնի հանդիպել Աննայի հետ: Գաղտնիքը բացահայտվել է, և Աննային ամուսնացրել են մի իշխանի հետ, իսկ Սայաթ-Նովային ոչ միայն նորից վտարել են արքունիքից, այլ նաև հեռացրել վրացական բարձրաշխարհիկ հասարակությունից: Նա էլ ամուսնացել է Մարմար անունով մի լոռեցի կնոջ հետ և ունեցել 4 երեխա: Սակայն սա էլ այնքան չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ Սայաթ-Նովան սիրում էր իր երգերում ծաղրել հատկապես բարձրաշխառհիկ հասարակությանը: Եվ այսպես, նա երգիծական երգեր է գրել՝ նվիրված Անտոն Կաթողիկոսին, Վախթանգ արքայազնին, և այլոց: Ասում են, որ նա չափն այնքան է անցել, որ նրան վտարել են արքունական աշուղի բարձր պաշտոնից: Աշուղն իր հայտնի ստեղծագործություններից մեկում նույնիսկ ասում է՝ «Ո՞ւմ մեղադրեմ, ինչի՞ց եղավ, էս ամենն իմ խելքից եղավ»:

Սայաթ-Նովան մեծ ծառայություն ունի ուշ միջնադարի հայ գրկականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետն է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնել է հայոց քաղ. ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով XVI դ. ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Կովկասում և Մերձավոր Արևելքի երկրներում լայն տարածում գտած, մասամբ էլ անցեղ ու անհայրենիք, թափառական երգիչ-նվագածուների թուրքալեզու խաղերին՝ Սայաթ-Նովան հակադրել է հայալեզու երգերն ու խորապես մարդկային ապրումներ արտահայտող ստեղծագործությունները և կամրջել միջնադարյան բանաստեղծությունն ու ձևավորվող նոր քերթությունը, ժող. խաղն ու անձնական քնարերգությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած XVIII դ. 2-րդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան. իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։

1759-ին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հվ. ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1760)։ Ե՛րբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766-ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտր. ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում (եղել է քահանա), որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու (երկու ձեռագրերն էլ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ 1768-ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ (Հովհաննես, Մելքիսեթ, Սառա և Մարիամ)։ Այդ կամ հաջորդ տարվանից Սայաթ-Նովա-Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում (հավանաբար 1784-ին) միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795-ի սեպտեմբերին, Աղա-Մահմադ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Ս. Գևորգ եկեղեցու բակում։

Սայաթ-Նովայի կյանքը նյութ է դարձել գրական երկերի (վեպ, նովել, պոեմ, դրամա, բալլադ, ոտանավորներ) և արվեստի ստեղծագործությունների (օպերա, կինոնկար, թեմատիկ նկարներ)։ Նրա երևակայական նկարն ստեղծել են Գ. Շարբաբչյանը, Հ. Ռուխկյանը, քանդակել է Ա. Հարությունյանը։ Սովետական Հայաստանում Սայաթ-Նովայի անունով են կոչվում դպրոցներ, փողոցներ, գուսանական-երաժշտական խմբեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուս, և աշխարհի մի շարք այլ լեզուներով։
1963-ի խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։

Posted in Գրականություն

Գրականություն. 17.05.22

«Մհեր» ճյուղը

Մհերը եղել է Սանասարի և Դեղձուն-Ծամի կրտսեր որդին՝ Օհանի և Վերգոյի եղբայրը և երկրորդ ճյուղը հենց նրա մասին է։ Էպոսում Մհերին հաջողվում է պատռել մի մարդակեր առյուծի երախ։ Այդ քայլից հետո նրան սասունցիները տալիս են «Առյուծաձև Մհեր» կամ «Առյուծ Մհեր» պատվանունը։ Մհերը իր մոր ձեռքով օծվում է Սասնա տան կառավարիչ։ Տարիներ անց Մհերը դառնում է չափահաս և գալիս է ամուսնանալու ժամանակը։ Նրա ավագ եղբայրը՝ Օհանը և նրա քեռին՝ Թորոսը գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դև թագավորի գերության մեջ։

Իմանալով այս մասին՝ Մհերը կարողանում է հաղթել Սպիտակ դև թագավորին և նրա փահլեվաններին, ամուսնանալով գերության մեջ գտնվող արքայադստեր` Արմաղանի հետ։ Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում։ Նրա հայրը կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ ծառացել էր Եգիպտոսի խնդիրը։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մելիք իշխանի հետ համաձայնության գալով Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։ Իր խոստումը չդրժելով Մըսրա Մելիքի մահից հետո նա գնում է Սասուն և տերության կանգնում Եգիպտոսի թագուհի Իսմիլին։ Իսմիլը կարողանում է Մհերին օգտագործել և որդի ունենալ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։ Մեծ Մհերն իր տեսակով կռվարար չէր, պայմանավորվող էր և շատ արդար, նաև համարձակ, իր երկրի մասին մտածող:

Posted in Գրականություն

Գրականություն. 03.05.22

Սասնա ծռեր, առաջին ճյուղ

«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Խալիֆը ցանկանում է կնության առնել Ծովինարին, սակայն մերժում է ստանում
: Դրանից վիրավորված նա ավերում է Հայոց Աշխարհը, որից հետո Ծովինարը իր կամքով ամուսնանում է Խալիֆի հետ: Ծովինարը աղբյուրից ջուր է խմում, հղիանում, որից հետո Խալիֆը ցանկանում է նրան պատժել, քանի որ դավաճանության մեջ է կասկածում: Նրան չի սպանում մինչ երեխաների ծնվելը, հետո ցանկանում է եղբայրներին սպանել, բայց Ծովինարը խնդրում է, որ սպասեն մինչև նրանց յոթ տարեկան դառնալը, և ապա նրան սպանեն: Սանասարը և Բաղդասարը օրեցօր հզորանում են և սպանում Խալիֆին, իրենց բերդն են հիմնում, որից հետո Սանասարը ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ և ունենում երեք զավակ:

Ծովինարը շատ հեռատես որոշում է կայացնում, հույս դնելով իր զավակների վրա, ովքեր ապագայում պաշտպանեցին նրան, դա նրան ապահովության երաշխիք էր տալիս: Սանասարին և Բաղդասարին, երբ առաջարկում են կռվել միմյանց դեմ նրանք հրաժարվում են՝ ասելով, որ երկու եղբայրները չեն կարող կռվել միմյանց դեմ: Դա խոսում է նրանց բարձր արժեքների մասին, որ նրանց իրենց հզորությունը և ագահությունը չէր կուրացրել, նրանք ցանկանում էին հայրենիք ունենալ, բայց ցանկանում էին այն միասին ստեղծել, ոչ թե մեկը մյուսի դեմ կռվելով:

Posted in Գրականություն

Գրականություն. 29.04.22

Առասպելներ․ «Հայկ և Բել», «Արտաշես եւ Սաթենիկ», «Արտաշես եվ Արտավազդ», «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» և այլն։

Հայկական առասպելները բազմաթիվ են, որոնք ունեն շատ հետաքրքիր սիմվոլներ: Դրանք արտահայտում են տվյալ ժամանակների համոզմունքները, հասարակությանը և այլն: Հայկ և Բել առասպելը Հայկի և Բելի կռվի մասին է: Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Արտաշես և Սաթենիկ, Արա Գեղեցիկ և Շամիրամ սիրո վրա հիմնված առասպելներ են, որոնց հիմքում պատերազմներն են, այս զույգերի միությունը հանդիսանում է խաղաղություն երկու ցեղերի միջև, այն ժամանակներում հաճախ է այդպես եղել, երբ ամուսնությունը խաղաղության առիթ է դարձել: Արտավազդ և Արտաշես առասպելն էլ Արտաշես և Սաթենիկ առասպելի հաջորդող մասն է, որը պատմում է Արտաշեսի և իր որդու՝ Արտավազդի հարաբերությունների մասին: Առասպելները գրականության շատ հետաքրքիր մաս են, քանի որ ներկայացնում հին ժամանակները:

Posted in Գրականություն

Գրականություն. 19.04.22

Այսօր ստեղծվող գրականություն

Անրի Գրիգորյան – Եզրին

Այս պատմվածքում հերոսը տեսնում էր ինչ-որ կնոջ, որին չէր ճանաչում, բայց այդ կինըմիշտ հայտնվում էր նրա դժվարին պահերին, ինչ-որ անհասկանալի երևույթներից խոսում, քննարկում, չնայած հերոսը այդպես էլ չէր կարողանում հիշել նրան: Կարծում եմ, որ այդ կինը հերոսի ներքին <<ես>>-ն էր, ով միշտ հայտնվում այն պահերին, երբ նա չգիտեր ինչ անել: Ամեն անգամ, երբ նա նստում էր պատուհանագոգին՝ ինքնասպանության գործելու մտքով, հայտնվում էր այդ կինը և նրան համոզում, զրուցում իր հետ, ինչ-որ բաներ էր հիշեցնում ընտանիքից: Ինձ թվաց, որ հերոս ինքն իր հետ անհաշտության մեջ է, չի հասկանում, թե ինչ է ուզում և կռվում է ինքն իր դեմ:

Posted in Գրականություն

Գրականություն. 15.04.22

Կարդա 20-րդ դարի 2-րդ կեսի հեղինակներից պատմվածքներ, մեկնաբանիր դրանք, առաջարկիր ընկերներիդ կարդալու։

Հրանտ Մաթևոսյան – Սկիզբը

Այս պատմվածքի հերոսը մի գյուղացի տղա էր: Պատմվում էր նրա առօրյան, երազանքները, նա շատ աշխատասեր էր և շատ զգացմունքային: Պատմվածքում հեղինակը ցանկացել է ցույց տալ գյուղի և քաղաքի տարբերությունները, որոնք առաջ էլ ավելի ակնհայտ են եղել: Խոսքը գնում է մտածելակերպային, մարդկանց բնավորությունների տարբերության մասին:

Աղասի Այվազյան – Ոտավորը

Այս պատմվածքումի մի գյուղացի որոշում է դուրս գալ շրջելու և հանդիպելով մի փոքրիկ հողի որոշում է, որայնտեղ թշնամու ոտք չի դիպել և մնացածին էլ համոզում է: Կարծում եմ հեղինակն ուզում էր այս պատմվածքի միջոցով ասել, որ ինչքան էլ Հայաստանը ձեռքից ձեռք անցած լինի, ինչքան էլ նրա հողին թշնամու ոտք դիպած լինի, միևնույն է այն Հայաստանն է, նույն հարազատ Հայաստանը:

Posted in Գրականություն

Գրականություն. 08.04.22

Կարդում ենք 20-րդ դարի հայ գրականություն

Համո Սահյան

Սահյանին ընտրեցի իր յուրահատուկ գրելաոճի պատճառով: Ինձ համար Սահյանը ամենասիրելիներից է, գուցե նա շատ է ռոմանտիզացնում իր բանաստեղծությունները, բայց դրանք կարդալուց ես զգում եմ իր ողջ զգացածը:: Սահյանը այն եզակի գրողներից է, որը սիրո մասին գրում է շատ սիրուն և նուրբ, ամեն փոքր դետալ նկարագրելով: Առհասարակ, ոչ միայն սիրո, նաև մարդկային հարաբերությունների, հայրենիք և մարդ կապի մասին նա գրել է յուրահատուկ, իր բանաստեղծությունները պարզ են, բայց իրենց մեջ շատ բան են պարունակում: Իր բանաստեղծություններից շատերն եմ սիրում, բայց առաձնացրել եմ այս երկուսը՝ <<Ես կգամ>>,<<Ինչ արած մարդ եմ>>:

Ես կգամ՝

Այս բանաստեղծության մեջ Սահյանի դիմում է մեկին, ում մոտ կգնա ինչ էլ լինի: Երևի բոլորի կյանքում էլ լինում է այդպիսի կարևոր մեկը, ում համար յուրաքանչյուր պահի էլ պատրաստ կլինենք գնալ,լինել կողքին, օգնել, թեկուզ չկանչի, մեր կարիքը չունենա: Սահյանը գնում էր հենց այդ մարդու մոտ, ով նրա համար կարևոր էր և նա ցանկանում էր գնալ նրա մոտ, անախ նրանից կանչում են իրեն, թե՝ ոչ:

Ինչ արած մարդ եմ՝

Այս բանաստեղծության ասելիքն այն է, որ մենք բոլորս տարբեր ենք և ի վերջո մարդ ենք: Մենք կարող ենք լինել բարդ, պարզ, ուրախ, տխուր, ամենատարբեր սխալներով, նպատասկներով, մենք տարբեր ենք ի վերջո, բայց միակ նմանությունն այն է, որ մենք մարդ ենք: Մենք կարող ենք լինել արտաքուստ հանգիստ, բայց մեր ներսում փոթորիկներ լինեն, ինչպես ասում է Սահյանը: Ինձ թվում է նաև Սահյանը ցանկացել է շեշտը դնել սխալների վրա, որպեսզի մարդիկ դրանցից չհանձնվեն, չտխրեն, որովհետև մենք ի վերջո մարդ ենք, կարող ենք սխալվել, անհաջողությունների հանդիպել, բայց դա չպետք է մեզ կոտրի:

Posted in Գրականություն

Գրականություն. 05.04.22

Կարդում ենք տարածաշրջանային գրականություն

Այս մանրապատումները ունեին շատ հետաքրքիր ասելիք, որն էլ ծատ տարբերվող ձևով էր փորձել ներկայացնել հեղինակը: Երևույթը նկարագրված էր շատ աբսուրդ ձևով, բայց իրականում էլ այն աբսուրդ է: Խոսքը գնում էր այն երևույթի մասին, որ մարդիկ կորցնում են իրենց իրական եսը հետևելով մարդկանց կարծիքներին, կախվելով հասարակությունից, իրականում դա աբսուրդ է, երբ մարդ կարող է իր երազանքները, իր կյանքը թողնել, որ կառավարեն մարդիկ իրենց աբսուրդ և անհեթե կարծիքներով, մտքերով, այդպիսով էլ սահմանափակվում է մեր ազատությունը: Մեր ազատությունը սահմանափակվում է, երբ մենք մարդկանց կարծիքները դասում են երազանքներից, մեր կյանքից վեր և շարժվում ենք դրանցով՝ դառնալով հասարակությունից կախված: Վանոն սկզբում հակռակվում էր, իսկ հետո հաշտվեց Նիկոյի կարծիքի հետ և դարձավ թռչուն, որն էլ կործանեց իր կյանքը: Նույն հաջողությամբ էլ մենք ենք կործանվում, երբ մեր կյանքը թողնում ենք մարդկանց կարծիքներին: