Posted in Ուսճամփորդություն

Անձրևոտ Արատեսում

Եկավ շատ սպասված ռազմամարզական ճամբարի երկրորդ փուլը: Այս մեկը յուրահատուկ էր նրանով, որ չորսօրյա էր, և մենք բոլորս անհամբերությամբ սպասում էինք այդ չորս օրվան, քանի որ գիտեինք, թե ինչ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնելու:

Մեր առաջին կանգառը Զագակատան զորամասն էր: Այնտեղ մենք ծանոթացանք զենքի տեսակներին, կրակեցինք, նռնակներ նետեցինք, նրանց հետ ճաշեցինք: Կարելի է ասել կես օր նրանց հետ ապրեցինք և հասկացանք, թե ինչքան պատասխանատվություն և ուժ է պետք այդ ամենի համար: Կրակելու ձայնից բոլորիս մոտ գլխացավ էր առաջացել, չէինք էլ պատկերացնում, որ նրանք այդ ձայներով են արթնանում և քնում: Իմացանք, որ աղջիկներն ամենալավ դիպուկահարներն են լինում, ոգևորող փաստ էր իրականում: Գնացինք Արատես, որը մեզ դիմավորեց անձրևով, բայց դա էլ իր կոլորիտն էր ստեղծում: Տեղավորվեցինք, բաժանվեցինք ջոկատների, ընթրեցինք և եկավ ամենասիրելի պահը՝ խարույկն ու անվերջ զրույցները, հին ավանդական խաղերը:

Երկրորդ օրը սկսվեց առավոտյան ժամը ութի տողանից, վազքից, իսկ նախաճաշելուց հետո պետք է բարձրանայինք Սմբատաբերդը: Անձրևը մեզ չխանգարեց, մենք Շատինի դպրոցի սովորողների հետ բարձրացանք Սմբատաբերդը: Ճիշտ է, ոտքից գլուխ թրջվել էինք, բայց այդ գեղեցկությունն արժեր, հատկապես այդ մռայլ եղանակին ուղղակի վայելում էինք տեսարանը: Հենց Սմբատաբերդում ճաշեցինք բոլորով միասին, նշեցինք պարի ազգային օրը, պարեցինք միասին և վերադարձանք Արատես:

Մրսած, թրջված…մեզ պակասում էր թեյը և տաք շորերը: Մի փոքր հանգստից հետո անցանք մարզական խաղերին, մեր էներգիան դեռ չէր սպառվել: Խաղացինք տարբեր խաղեր, էլ հալամուլա, էլ վոլեյբոլ, էլ գործագործ: Օրն էլ ավարտեցինք խարույկով և պարերով՝ ինչպես միշտ:

Երրորդ օրը առավոտյան տողանից հետո գնացինք հիսուն խնձորենի տնկելու: Ըստ ջոկատների պետք է տնկեինք տաս ծառ, միասնական աշխատանքի շնորհիվ շատ արագ ավարտեցինք աշխատանքը և վերադառնալաով Արատես ընդունեցինք մարզպետին, ում հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք տարբեր թեմաների, մեր հետաքրքրությունների շուրջ:

Երեկոյան էլ «Կոմանդոս» ռազմական ակումբի հետ խարույկի շուրջ աստղերին էինք դիտում և զրուցում: Արատեսում աստղերը շատ պարզ են երևում, այնքան գեղեցիկ էր: Հաջորդ օրը արդեն պետք է վերադառնայինք, ինչը տխրեցրել էր մեզ, քանի որ մենք չէինք էլ հասկացել, թե ինչպես է անցել այդ չորս օրը, սովորել էինք միմյանց ներկայությանը: Բայց մինչ վերադառնալը մենք ռազմական պարապմունք ունեցանք «Կոմանդոս» ռազմական ակումբի հետ, որը իրենից ներկայացնում էր քվեստ: Ըստ ջոկատների մենք պետք է գտնեինք թաքնված իրերի և հնարավորինս արագ մեր առաջադրանքը կատարած վերադառնայինք: Շատ հետաքրքիր էր, մենք հասկացանք, թե ինչպես պետք է կողմնորոշվել անտառում, աշխատել թիմային, ջոկատին միայնակ չթողնել և լինել համախմբված: Այդքանից հետո մեզ միայն մնում էր վերադառնալ Երևան՝ ամբողջ ճանապարհին զրուցելով արդեն հարազատ դարձած մարդկանց հետ:

Արատեսը մեզ ինչպես դիմավորեց՝ անձրևով, այդպես էլ ճանապարհեց: Ճիշտ է, մենք այդպես չէինք պլանավորել և ամեն ժամը մեկ ստիպված էինք փոխվել, քանի որ ոտքից գլուխ ջուր էինք, բայց դա էլ իր հետաքրքրությունն ունի, կարևորը, որ անձրևը մեզ չխանգարեց և մենք հասցրեցինք անել այն ամենը, ինչ ծրագրել էինք և ունեցանք հիանալի չորս օր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s