Posted in Գրականություն

Արդյո՞ք մեզ պետք է բարձրագույն կրթություն, թե՝ ոչ

Ուրբաթ օրը քննարկում ունեցանք այս հարցի շուրջ: Այս հարցի շուրջ բոլորս գրեթե նույն կարծիքն ունեինք՝ դա ընտրության հարց է: Ոմանք կարծում էին, որ բարձրագույն կրթությունը պարտադիր է, ոմանք էլ՝ ոչ: Խոսեցինք նաև համալսարանական կրթության մասին, ինչ է այն մեզ տալիս, և արդյոք այնտեղ սովորած բոլոր առարկաները պետք է, որ լինեն ծրագրում: Ես կարծում եմ, որ բարձրագույն կրթությունը պարտադիր պայման չէ: Մեր օրերում կան շատ մասնագիտություններ, որոնք կարող ենք անցնել կուրսերով, օրինակ, մի տարվա ընթացքում և դառնանք հիանալի մասնագետ, փոխարենը չենք կորցնի չորս տարի համալսարանում։ Չնայած՝ յուրաքանչյուր տարի, որը ուսման համար է ծախսվում, չենք կարող կորուստ համարել, միևնույն է, մի բան քաղում ես: Այն մտքի հետ, որ համալսարանը կարելի է դարձնել 1-2 տարի ուսուցումով և անցնել ավելի նեղ մասնագիտական առարկաներ, միանշանակ համաձայն եմ, քանի որ ժամանակն ամենաթանկ բանն է, որ մենք չպետք է կորցնենք, այլ հնարավորինս ռացիոնալ և արդյունավետ օգտագործենք: Քննարկումը հասավ նույնիսկ մանկավարժներին։ Քննարկում էինք, որ կան ոլորտներ, որոնք առանց համալսարանական կրթության չեն կարող լավ մասնագետներ ունենալ: Մի մասը կարծում էր, որ մանկավարժ լինելու համար պետք է համալսարան, իսկ մյուս մասը՝ ոչ: Իմ կարծիքով դա մարդու ներսից է գալիս, մարդ հոգով պետք է մանկավարժ լինի, իհարկե պետք է կրթված լինի, սովորի, բայց երևի թե մեծ մասը հատկանիշներից է կախված, եթե մանկավարժը լինի բարի, հասկացող, հանդուրժող մարդ, արդեն իր սովորողների համար օրինակ կլինի, ինչը շատ կարևոր է: Առհասարակ, բացի գիտելիքից՝ կան շատ կարևոր բաներ, որոնք մենք պետք է սովորենք ուսուցիչներից: Ինչ վերաբերում է կուրսերով կամ 1 տարում անցնել մասնագիտությունը և դառնալ մասնագետ մտքին, սա չի նշանակում ձգտել հեշտին, լինել ավելի վատ, քան համալսարանում սովորած մարդ։ Երբ մարդ ձգտում ունի յուրաքանչյուր կերպով էլ կհասնի հաջողության: Այս քննարկումը վերջացավ այն մտքով, որ դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը և գնում այդ ուղով: